Այսօր տեղի կունենա «Եվրատեսիլ» երգի մրցույթի եզրափակիչ փուլը: Հայաստանի ներկայացուցիչ Արամ MP3-ին շարունակում են քաջալերել աշխարհի տարբեր երկրներում ապրող մեր հայրենակիցները: Հայաստանաբնակ երգիչ-երգչուհիները ևս անմասն չեն մնում մեր մասնակցին ոգևորիչ խոսքեր հղելուց:
Երգչուհի Լեյլա Սարիբեկյանը կարծում է, որ Արամ MP3-ի ելույթն ու երգը տարբերվում է մյուս բոլոր երգերից:
«Որքան փորձել եմ դիտել, հիմնականում նման երգեր են, իսկ Արամինը տարբերվում է բոլոր առումներով: Կարծում եմ՝ նա մեծ շանսեր ունի բարձր տեղ գրավելու: Ես հաղթանակի մասին որևէ կանխատեսում անել հիմա չեմ կարող, չնայած, որ ամբողջ սրտով ուզում եմ: Ուրախ եմ, որ Արամը հնարավորություն ունեցավ ներկայանալու, որովհետև ինքը հետաքրքիր տեսակ է որպես արտիստ, ու երգի ասելիքն էլ համամարդկային է»,- Araratnews.am-ի հետ զրույցում ասաց երգչուհին:
Երգչուհի Ջուսը կարծում է, որ հաղթանակը մեծապես կախված է քարոզչությունից:
«Նայած, թե ինչքան գումար է ծախսվել քարոզչության վրա: Կարծում եմ՝ հնգյակում կհայտնվի: Կմաղթեմ, իհարկե, որ հաղթի: Եթե հաղթի, մյուս տարի քեֆ ենք անում»,- մեզ հետ զրույցում ասաց նա: