տուն Արցախ Մի ճանապարհ, որին գրված է կարոտ. Սասուն Մկրտչյան

Մի ճանապարհ, որին գրված է կարոտ. Սասուն Մկրտչյան

425
0

Սասուն Մկրտչյանը պայմանագրային զինծառայող էր: Երբ սկսվեց ապրիլյան պատերազմը, Սասունն արդեն դիրքերում էր, թեև նոր էր հանձնել հերթափոխը: Սահմանից թշնամու ակտիվության մասին լուրերը ստանալուն պես ապրիլի 2-ի առավոտյան Սասունը գնաց առաջնագիծ։

Ապրիլի 2-ի լույս 3-ի գիշերը Թալիշի դիրքերը հետ գրավելու ժամանակ Սասունը որովայնի շրջանում ստացավ  ծանր հրազենային վիրավորում։ Զինակից ընկերները նրան իջեցրին դիրքերից և հանձնեցին շտապօգնությանը, սակայն…

Սասուն Մկրտչյանը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» I աստիճանի շքանշանով և Արցախի նախագահի հրամանով՝  «Մարտական ծառայության» մեդալով:

«Սասուն ջան, հոգուս մեջ մի մեծ դատարկություն է ու մի ճանապարհ, որին գրված է Կարոտ։ Ծնունդդ շնորհավոր, տղես»։

Այս տողերը գրել է տիկին Նարինեն` հետախույզ-գնդացրորդ Սասուն Մկրտչյանի մայրը: Սասունն այսօր դարձավ 31 տարեկան:

Սասուն Մկրտչյանի մասին շատ բան չեմ կարող գրել: Որովհետև նրա մասին ասել են, պատմել են, գրել են: Եվ այսօր էլ համացանցում շատերը գրեցին ու դեռ էլի կգրեն: Կգրեն ու կպատմեն հերոս Սասուն Մկրտչյանի անձնազոհության, հայրենասիրության մասին: Եվ մարդկանց սերը կապրեցնի հերոսին:

Մարդիկ կգրեն, որ Սասուն Մկրտչյանի և մյուս տղաների շնորհիվ մենք այսօր խաղաղ երկրում ենք ապրում: Բացվող առավոտների համար ձեզ ենք պարտական:

Մեկ ուրիշն էլ կասի, որ հերոսներն անմահ են: Թերևս, հերոսների ծնողների մխիթարությունը իրենց որդիների չապրած կյանքը ապրելն է:

Մյուսներն էլ բանաստեղծություններ կձոնեն հերոսին:

Բայց ես ոչինչ չեմ ուզում ավելացնել: Ամեն ինչ ասված է: Մարդկանց սերը հազարավոր խոսքերից ավելի խոսուն է: Ես պարզապես կարող եմ միանալ բոլոր շնորհավորանքներին և ցանկանալ, որ մայրդ կարողանա ապրել՝ լցնելով հոգու դատարկությունն ու անասելի կարոտը…

Շնորհավոր ծնունդդ, հերոս Սասուն Մկրտչյան…

Հայկ Մագոյան