Այսօր հրավիրված ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի նիստը տեղի չի ունեցել, քանի որ քվորում ապահովված չէր:
AraratNews.am-ի հետ զրույցում Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը նշեց, որ իրենք (ուսանողները) միտված չեն կաթվածահար անել համալսարանի աշխատանքը. «Նման միտում չունենք, քանի որ հասկանում ենք, որ անկախ ամեն ինչից, առաջնահերթ պետք է լինի համալսարանի շահը: Չենք պատրաստվում երկար բոյկոտել: Նման քայլերով պատրաստվում ենք մեր դիրքորոշումն արտահայտել Հոգաբարձուների խորհրդում ուսանողների թվի կրճատման հետ կապված: Մեր ուսանող անդամները ներկա էին. նրանք պարզապես ֆիզիկապես դահլիճ չմտան և չհաստատեցին իրենց ներկայությունը»:
Դավիթ Ափոյանը նշեց, որ ներկայիս`գործող օրենքով Հոգաբարձուների խորհրդի 25 տոկոսն են կազմում ուսանողները, իսկ այն օրենքով, որն առաջիկայում պատրաստվում են շրջանառության մեջ դնել, միայն 10 տոկոսը. 12 անդամներից միայն մեկն է ուսանող լինում: