Մարդու իրավունքների երկու խոշորագույն միջազգային կազմակերպությունները՝ Amnesty International-ը և Human Rights Watch-ը քննադատել են ԱՄՆ-ին, անօդաչու ինքնաթիռներ օգտագործելու ժամանակ, խաղաղ բնակչության շրջանում մեծ թվով մարդկանց սպանելու պատճառով։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Amnesty International-ն ուսումնասիրել է Պակիստանի Հյուսիսային Վազիրիստան նահանգում տեղի ունեցած 40 հարձակման դեպքերից 9-ը, որոնք տեղի են ունեցել այս տարվա օգոստոս-հոկտեմբեր ամիսներին։ Պարզվել է, որ այդ հարձակումների հետևանքով զոհվածներից և ոչ մեկը զինված խմբավորման անդամ չի եղել։ Amnesty International-ում շեշտում են, որ այս գործողություններն էլ ավելի մեծ անհանգստություն են առաջացնում բնակչության շրջանում, որն առանց այն էլ տուժում է «Ալ-Կաիդայի» և «Թալիբանի» գործողություններից։
Human Rights Watch-ն ուսումնասիրել է Եմենում ամերիկյան անօդաչու սարքերի իրականացրած օպերացիաների վիճակագրությունը և պարզել, որ 6 հարձակումներից առնվազն երկուսում սպանվել են խաղաղ բնակիչներ և խախտվել է միջազգային իրավունքը։