Փակ շուկա պատմամշակութային արձանի վերափոխման դեմ պայքարող ակտիվիստները շարունակում են հավաքներ անցկացնել Մաշտոցի պուրակում: Ակցիայի մասնակիցներից մեկի հայրը որդուն առաջարկել է հանդիպել եւ զրուցել Սամվել Ալեքսանյանի ներկայացուցիչների հետ, սակայն երիտասարդը հրաժարվել է ընդունել հոր խորհուրդը: Մոտ մեկ ժամ առաջ այդ նույն երիտասարդի հայրն այցելել է Մաշտոցի պուրակ, որդուն իր հետ տուն տանելու մտադրությամբ: Հոր եւ որդու զրույցն ավարտվել է վիճաբանությամբ: Երիտասարդը հրաժարվել է լքել պուրակը, հայրը զայրացել է եւ հավաքվածների ներկայությամբ ապտակել որդուն: Վիճաբանությանը խառնվել են տարածքում գտնվող ոստիկաններն ու քաղաքացիները:
Այս պահին հավաքվածներին այս դեպքի մասին Փակ Շուկայի հարթակից բարձրախոսով պատմում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը: