«Համանախագահների այս հայտարարությունից պարզ է դառնում, որ միջնորդները, չցանկանալով շեղվել «սահմանված գծից», կրկին ընդհանուր բնույթի հայտարարություն են անում, ինչը կանաչ լույս է Ադրբեջանին հետագայում ևս նման սադրանքների դիմելու համար»,- ասում է Աբրահամյանը:
Վերջին երկու տասնամյակների ընթացքում Ադրբեջանի հետ Ղարաբաղի և Հայաստանի սահմանամերձ գոտիներում ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության մեծ մասն անցել է առանց միջադեպերի, և այս դեպքը, ըստ «Մոդուս Վիվենդի» կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Արա Պապյանի, պայմանավորված է ընդհանուր ռազմատենչ մթնոլորտով, որն օր օրի աճում է Ադրբեջանում ռուսներից գնվող նոր զենքի խմբաքանակի պատճառով, ինչպես նաև Ադրբեջանում տիրող ներքին լարվածությունը կոծկելու նպատակով:
«Այս դեպքն ավելի շատ արտացոլում է Ռուսաստանի և Ադրբեջանի վերջին օրերի սրված հարաբերությունները, քանի որ ԵԱՀԿ-ի այս կազմում կան նաև ռուսներ, և այս առումով մեսիջն ավելի շատ Ռուսաստանի, քան եռյակի դեմ է»,- «ԱրմենիաՆաուին» ասել է Պապյանը:
Անցյալ շաբաթավերջին Մոսկվայի հարավում գտնվող Արևմտյան Բիրյուլյովո շրջանի բանջարեղենի բազայում անկարգություններ սկսվեցին, երբ հոկտեմբերի 10-ի գիշերն ընկերուհու համար տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, ըստ նախնական տվյալների` ներգաղթյալ ադրբեջանցին դանակահարել էր 25-ամյա մոսկվայաբնակ Եգոր Շչերբակովին: Օրեր առաջ Ռուսաստանում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին ռուսաստանյան «Դոժդ» հեռուստաալիքի հետ հարցազրույցում ասել է, որ Ադրբեջանի դեսպանությունը մտադիր է Ռուսաստանի արտգործնախարարությանը նոտա հղել` Շչերբակովի սպանության մեջ կասկածվող ադրբեջանցի Օրհան Զեյնալովի և Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցների հանդիպման պահանջով: