տուն Լուրեր ՄԻՊ զեկույցն ամբողջությամբ երևակայության արդյունք է.Դատավորների միության խորհուրդ

ՄԻՊ զեկույցն ամբողջությամբ երևակայության արդյունք է.Դատավորների միության խորհուրդ

183
0

imgresՀայաստանի Հանրապետության դատավորների միության խորհուրդը խստորեն դատապարտում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից 09.12.2013թ. հրապարակված <<Արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ>> հակապետական, հակաօրինական, իրականությանը բացարձակ չհամապատասխանող, սիրողական մակարդակի ուսումնասիրությունների վրա հիմնված, դատական իշխանությունն ու դատավորի բարձր կոչումը նսեմացնող արտահերթ զեկույցը:

Հայաստանի Հանրապետության դատավորների միության խորհուրդը հայտարարում է.
— հիմնազուրկ դատողություններից բաղկացած հիշատակված զեկույցը պետական և հասարակական կարգի ապակայունացման լուրջ վտանգ է պարունակում, որը միտված է դատական իշխանության նկատմամբ հանրության շրջանում թյուր պատկերացումների ձևավորմանը,
— զեկույցն ամբողջությամբ  երևակայության արդյունք է և արժեզրկում է ոչ միայն արդարադատության իմաստն ու բովանդակությունը, այլ նաև այդօրինակ երևակայություն ունեցողի իրական առաքելության իմաստը,
— պրոֆեսիոնալ մարմինը գրավոր, թե բանավոր խոսքով հանդես գալու ժամանակ պետք է և պարտավոր է ներկայացնել միայն փաստ, եղելություն կամ վերլուծություն ու, բնականաբար, ուսումնասիրությունների չափելի ու համադրելի արդյունքներ, որպիսիք զեկույցում իսպառ բացակայում են,
— զեկույցում փողոցային բամբասանք հիշեցնող անհեթեթ տեղեկություններ ներառելը  հարիր չէ իրավական պետության Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտին ընդհանրապես և այդ պաշտոնը զբաղեցնող անձին մասնավորապես:

Հայաստանի Հանրապետության դատավորների միության խորհուրդն ավելորդ չի համարում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հիշեցնել.
— Պաշտպանն իր լիազորություններն իրականացնելիս պարտավոր է ղեկավարվել օրինականության, հասարակական համակեցության և սոցիալական արդարության հիմնարար սկզբունքներով, ենթարկվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին, ինչպես նաև միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին և նորմերին (<<Մարդու իրավունքների պաշտպանի մասին>> ՀՀ օրենքի 2-րդ և 5-րդ հոդվածներ),
— Պաշտպանը պետք է տեղյակ լիներ բազմաթիվ միջազգային ակտերի գոյության մասին, որոնցում ամրագրված է դատարանների հեղինակությունը հարգելու և այն արատավորող գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալու պահանջը, որն ուղղված է դատարանների անկախությունն ապահովելուն:

Հայաստանի Հանրապետության դատավորների միության խորհուրդն անթույլատրելի համարելով հանրության մոտ դատարանների ու դատավորների վերաբերյալ անվստահություն սերմանելու դիտավորությունը, կարևորելով դատարանի, որպես արդարադատություն իրականացնող միակ մարմնի հեղինակությունը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանից պահանջում է.
— հարգել դատավորի սահմադրական կարգավիճակը,
— անշեղորեն պահպանել օրինականության սկզբունքը,
— ձեռնպահ մնալ դատարանի հեղինակությունն արատավորող հիմնազուրկ դատողություններ հրապարակելուց:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here