Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր նախագահական նստավայրում տեղի ունեցավ օլիմպիական չեմպիոնների պարգևատրման արարողությունը:
Պարգեւատրման հիմանական արարողությունից հետո մարզիկները հանդիպեցին լրագրողների հետ և պատասխանեցին նրանց ուղղած հարցերին:
«Ուրախ ենք, որ պետությունն իր դիրքորոշումն ասաց եւ կանգնած է սպորտի կողքին: Հուսով ենք, որ այդպես շարունակվելու է»:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ծանրամարտի օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը:
«Շատ ուրախ ենք, որ մեր պետությունը կանգնած է սպորտի կողքին: Պարտավորեցնող է, որ էլ ավելի շատ հաղթանակներ ունենանք եւ լավագույնս ներկայացնենք մեր երկիրը:
2020 թվականին իմ առջեւ նպատակ եմ դրել դառնալ Եվրոպայի եռակի չեմպիոն, ապա գնալ օլիմպիական ոսկու հետեւից: Շատ մարտական եմ տրամադրված, հուսանք ամեն ինչ լավ կստացվի:
Պարգեւատրման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվում էր Ռիո-2016-ի օլիմպիական ոսկե մեդալի մասին: Հարցնում էր, թե երբ է գալու Հայաստան: Ես էլ պատասխանեցի, որ գործընթացը դատական պրոցեսի մեջ է: Կարծում եմ՝ մինչեւ Տոկիոյի Օլիմպիական խաղերը կգա»,- ասաց Սիմոն Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ 2016թ․ Ռիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչումը նվաճած, ուզբեկ Ռուսլան Նուրուդինովի դոպինգ թեստը դրական արդյունք է տվել, եւ նա կզրկվի ոսկե մեդալից։
Ի պատասխան NEWS.am Sport-ի թղթակցի հարցին, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն էլ հայտնեց, որ Նուրուդինովի որակազրկման եւ Սիմոն Մարտիրոսյանի չեմպիոնության մասին նամակ է ստացել Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահից։
Վերջինս նշեց, որ պաշտոնական հայտարարություն կլինի առաջիկայում։