The Financial Times-ի հոդվածագիր Գիդեոն Ռահմանը հետաքրքրիր վերլուծական է ներկայացրել Վլադիմիր Պուտինի վերելքների ու անկումների մասին։
«Ընդամենը մի քանի ամիս առաջ մոդայիկ էր գովել Վլադիմիր Պուտինին՝ որպես խելացի մարտավարություն վարողի։ Ամերիկյան աջերը նրա ամրությունը համեմատում էին իրենց նախագահի թվացող թուլությունների հետ։ Սակայն հիմա նման շողոքորթությունն ամենևին տեղին չէ այն բանից հետո, երբ Malaysian Airlines-ի ինքնաթիռը խփվեց Ուկրաինայում․․․
Թերևս, Ռուսաստանը հրթիռներ է մատակարարել ուկրաինացի անջատողականներին, և դա պարզապես անբարոյական է։ Նման քաղաքականությունը հակասում է այն գաղափարին, որ Պուտինը հանճարեղ ստրատեգ է։ Ընդհակառակը, նա հանդես է գալիս որպես խելահեղ խաղամոլ, ում պարանոիկ և ցինիկ քաղաքականությունը Ռուսաստանին հանգեցնում է տնտեսական և քաղաքական մեկուսացման․․․
Ռուսաստանի իշխանությունները ներկայում ծանր ընտրության առաջ են։ Եթե նրանք սկսեն համագործակցել միջազգային հետաքննության հետ, ապա այդ ոճրագործության արդյունքները շատ ծանր բեռ կլինեն նրա համար։ Սակայն, եթե նրանք խոչընդոտեն դրան, ապա կթաքնվեն դավադրությունների հետևում, Ուկրաինայի արևելք կուղարկեն զորքեր, սակայն դա կհանգեցնի էլ ավելի մեծ միջազգային դիմադրության», — գրում է Ռահմանը՝ նշելով, որ բացի տնտեսական պատժամիջոցներից առջևում նաև քաղաքական մեկուսացումն է երևում։
Այսպիսով, «մինի-Մաքիավելին» չկարողացավ իր ձեռքերում պահել խամաճիկների թատրոնի հերոսների թելերը, գրում է հեղինակը։ Նրա կարծիքով՝ Պուտինի ամենամեծ սխալն այն չէր, որ նա զենք է տվել և թույլ էր տվել անջատողականներին կրակել անցնող-դարձող ինքնաթիռների վրա։ Պուտինը թույլ տվեց չորս հիմնական սխալ՝ ոչ համարժեք պատասխան տվեց Արևմուտքի և Ուկրիանայի մերձեցման ժամանակ, հրահրեց ներքին բախումներ Ուկրաինայի ներսում և դարձավ լուրջ քննադատության առարկա, խամաճիկ դարձրեց Ռուսաստանի ամբողջ հասարակությանը՝ փորձելով վերահսկել հասարակական կարծիքը և ձևավորել այն (ստեղծելով ֆաշիզմի վերադարձի մտացածին սցենար), սխալ գնահատեց Արևմուտքի իրական հնարավորությունները։
Հեղինակը գրում է, որ Կրեմլի շողոքորթները, թերևս, Պուտինին համոզել էին, որ ինքը ռազմավարության վարպետ է, իսկ Արևմուտքը ունակ չէ հակազդելու։ Հեղինակի կարծիքով՝ Մոսկվան երկրի համար ստեղծեց թիվ մեկ թշնամուն՝ ՆԱՏՕ-ին, մինչդեռ ամենամեծ վտանգը գալիս է Չինաստանից։ Ռահմանը եզրակացնում է, որ այս բոլոր վտանգների առաջ Պուտինը կարող է էլ ավելի սրել իրավիճակը Ուկրաինայի շուրջ՝ էլ ավելի թշնամանալով Արևմուտքի հետ, սակայն նման քաղաքականությունը թեպետ վնաս է աշխարհի համար, սակայն այն ամենամեծ վնասը հասցնում է հենց Ռուսաստանին։