ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՀ սպորտի և երիտասարդության նախարար Յուրի Վարդանյանի որդին` Դավիթ Վարդանյանը դեռևս գտնվում է կալանքի տակ: Հիշեցնենք, որ նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով «առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը» և 215 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` «թմրամիջոցների մաքսանենգությունը»: Յուրի Վարդանյանը վերջին օրերին խուսափում է լրագրողների հարցերին պատասխանել: Այս թեմայի վերաբերյալ լրագրողները զրուցել են ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանի հետ: «Գիտեք, թե որքան դժվար է այդ հարցին պատասխանելը: Այդ տղան շատ դաժան է վարվել իր հոր հետ»,- ասել է պատգամավորը: Նրա կարծիքով` հաճախ շատ վաստակաշատ մարդու զավակը կարող է այնպիսի քայլ անել, որ ափսոսանք կարելի է հայտնել, բայց կոնկրետ Յուրի Վարդանյանից հրաժարական պահանջելը մարդկային չէ: «Դուք չեք պատկերացնում ծնողի վիճակը, դրանից սարսափելի պատիժ հնարավոր չի, միլիոն հրաժարական կտար Յուրի Վարդանյանը, որ իր որդու հետ նման բան պատահած չլիներ»,- ասել է պատգամավորը: Նա նշել է, որ չէր ցանկանա Յուրի Վարդանյան լեգենդին նման վիճակում տեսնել:
«Իսկ էտ հրաժարականը, ախր նախարարի պաշտոնը ինչ ա՞ է, դուք էլ գիտեք` մի մեծ պաշտոն ա՞, տանջանք ա էլի»,- ասել է Համլետ Հարությունյանը: Նա կարծիք է հայտնել, որ այդ դեպքի համար Յուրի Վարդանյանը չի օգտագործել իր լծակները, որովհետև եթե այդպես լիներ, նրա որդին չէր «նստի»: Իսկ հիմա նա կրելու է իր արժանի պատիժը: Ու այդ պատմության արդյունքը լինելու է Յուրի Վարդանյանի ու նրա ընտանիքի հոգեկան ծանր վիճակն ու ապրումները: Ըստ պատգամավորի, նա մարդ չի սպանել, մարդ չի բռնաբարել, ընդամենը ապուշություն է արել: «Հիմա ԱԱԾ պադվալում նստած ա էտ մարդը՝ որպես կալանավոր: Այդ տղան հայտնվել է շատ ապուշ վիճակում»,- եզրափակել է Համլետ Հարությունյանը:
Էմմա Պալյան