տուն Մամուլ ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով ուղարկված ՍԴ դիմումները գրել է Քոչարյանի փաստաբանի «Կոնցեռն...

ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով ուղարկված ՍԴ դիմումները գրել է Քոչարյանի փաստաբանի «Կոնցեռն դիալոգի» ավագ մասնագետի փաստաբանական ընկերությունը

614
0
Վերջերս «Առաջին լրատվական»-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ Սահմանադրական դատարանի կողմից ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով դիմումները ուղարկվել են ընթացակարգային խախտումներով։ Մասնավորապես՝ ՍԴ ոչ բոլոր անդամներն են մասնակցել այդ որոշման կայացմանը։ Դատավորներից մի քանիսն այդ օրերին արձակուրդում էին և տեղյակ չեն եղել, որ նման դիմումներ են ուղարկվել միջազգային կառույցներ։
Ավելին, մենք գրել էինք, որ մեզ հայտնի է դարձել, որ գոյություն չունի անգամ այդ դիմումների հայերեն տարբերակը, ինչից ելնելով՝ լուրջ կասկածներ կան, որ դիմումները կազմվել են նախապես՝ ուրիշ գրասենյակում անգլերեն տարբերակով հենց այդ կառույցների համար։
Մենք ՍԴ-ից խնդրել էինք տրամադրել դիմումների հայերեն տարբերակը, սակայն մեզ այդպես էլ չէին պատասխանել։
Մեր հրապարակումից հետո ՍԴ-ն իբրև թե հերքել էր մեր լուրը՝ նշելով, որ Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա` Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» միավորված գործով, «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանի՝ ութ դատավորի կողմից միաձայնությամբ ընդունված և հրապարակված ՍԴԱՈ-81, ՍԴԱՈ-82 աշխատակարգային որոշումների հիման վրա խորհրդատվական կարծիք ստանալու համար Մարդու իրավունքների եվրոպական դատարան և «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողով (Վենետիկի հանձնաժողով) ներկայացված դիմումները կազմվել են բացառապես Սահմանադրական դատարանի իրավասու անձանց կողմից։ Հակառակի մասին պնդումներ պարունակող լուրերն ապատեղեկատվություն են։
ՍԴ-ից տեղեկացրել էին նաև, որ սահմանված կարգին համապատասխան՝ դիմումները նշված մարմիններ ներկայացվել են անգլերեն լեզվով, իսկ գործի նյութերում առկա են դիմումների հայերեն և անգլերեն օրինակները։ ««Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի կարգավորումների համաձայն՝ բացառությամբ որոշակի դեպքերի, գործի նյութերը կամ դրանց վերաբերյալ տեղեկատվությունը կարող են տրամադրվել միայն օրենքով սահմանված անձանց կամ մարմիններին (կողմին, փորձագետին և այլն)՝ օրենքով նախատեսված դեպքերում»,- ասված էր մեր հրապարակումից հետո ՍԴ պարզաբանման մեջ։
Ուշագրավ է, սակայն, որ որքան էլ ՍԴ-ն պնդի, թե ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով ուղարկված դիմումները կազմվել են բացառապես Սահմանադրական դատարանի իրավասու անձանց կողմից և հակառակի մասին պնդումներ պարունակող լուրերն ապատեղեկատվություն են, «Առաջին լրատվականի» ձեռքի տակ հայտնված դիմումի օրինակը բոլորովին այլ բանի մասին է խոսում։
Միջազգային կառույցներին ուղարկված անգլերեն դիմումի տակ ստորագրել է փաստաբանական մի ընկերություն, որի ղեկավար անձինք ուղղակիորեն կապվում են Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից մեկին պատկանող փաստաբանական ընկերության հետ։ Մասնավորապես, ՄԻԵԴ-ն և Վենետիկի հանձնաժողովին ուղղված դիմումների տակ որպես կազմող՝ հեղինակ, նշված է «Elawphant» փաստաբանական գրասենյակը, որի հիմնադիրն ու տնօրենը Գևորգ Հակոբյանն է, որը 2011-2016թթ. եղել է «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական գրասենյակի ավագ մասնագետ։
Իսկ «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական գրասենյակը, հայտնի է, որ պատկանում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանին։
Բացի դրանից՝ Գևորգ Հակոբյանը, որպես փորձագետ, նախկինում՝ Հրայր Թովմասյանի՝ արդարադատության նախարար և Արամ Օրբելյանի փոխնախարար աշխատած տարիներին փորձագետ է ներգրավվել արդարադատության նախարարության տարբեր ծրագրերում։
«Elawphant» փաստաբանական գրասենյակի ավագ գործընկեր է հանդիսանում նաև Ռուզաննա Աբրահամյանը, որը ներկայումս հանդիսանում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի օգնականը։ Այդ մասին տեղեկությունը կարելի է գտնել նաև ՍԴ կայքում։
Կարծում եմ, այսքանը բավարար է, որպեսզի հերքվի ՍԴ-ի սուտը, թե
Վենետիկի հանձնաժողովին ու ՄԻԵԴ ուղարկված դիմումները կազմված են բացառապես ՍԴ-ի կողմից։
Կարծում ենք, որ այս ամենը պետք է առաջացնի լուրջ հետևանքներ, և ՄԻԵԴ-ն ու Վենետիկի հանձնաժողովը ևս պետք է տեղեկացվեն, թե Հայաստանի Սահմանադրական դատարանը ինչ խարդավանքների է դիմել։
 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here