տուն Արցախ Միանշանակ թեժ պայքար է լինելու. Դավիթ Բաբայան

Միանշանակ թեժ պայքար է լինելու. Դավիթ Բաբայան

482
0

2020 թվականին Արցախի Հանրապետությունում նախանշված են խորհրդարանական և նախագահական ընտրություններ: Այս տարվա օգոստոսին Ստեփանակերտում ունեցած ելույթի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը լինելու է Արցախում արդար ու թափանցիկ ընտրությունների երաշխավորը: Ինչպե՞ս են պատրաստվում գալիք ընտրություններին Արցախում, ի՞նչ տրամադրություններ ու վերադասավորումներ կան: Թեմայի շուրջ Araratnews.am-ը զրուցեց Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ, Արցախի պահպանողական կուսակցության նախագահ Դավիթ Բաբայանի հետ:

Պարոն Բաբայան, ճիշտ է, դեռ մեկ տարի կա Արցախի Հանրապետությունում կայանալիք խորհրդարանական և նախագահական ընտրություններին, այդուհանդերձ, թեման լայն քննարկումների և հետաքրքրությունների դիտակետում է. համընդհանուր վարկածն այն է, որ առաջիկա ընտրությունները էականորեն տարբերվելու են նախորդներից, ինչի մասին, ըստ փորձագետների, վկայեցին Արցախում կայացած վերջին ՏԻՄ ընտրությունները: Իսկ ո՞րն է Ձեր կանխատեսումը:

Գիտեք, ես էլ եմ համամիտ այն մտքին, որ այս անգամ մի փոքր ուրիշ ընտրություններ են լինելու՝ այն իմաստով, որ ընդհանրապես պետք է նոր իշխանական բուրգ ձևավորվի: Պետք է ձևավորվի ոչ միայն նոր գործադիր՝ երկրի ղեկավարի գլխավորությամբ, այլև Ազգային ժողովի՝ օրենսդիր մարմնի համար են պայքարում բազմաթիվ ուժեր, այդ թվում՝ վաղուց կազմավորված, ինչպես նաև նոր ձևավորված: Սա բնական է, քանի որ 2017 թ. Արցախում տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումներից հետո կտրուկ, շոշափելիորեն փոխեց ընտրությունների, հատկապես՝ խորհրդանական ընտրությունների կարգը, և հիմա Ազգային ժողով կարող են անցնել միայն կուսակցությունները: Այժմ արդեն մեծամասնական կարգ գոյություն չունի և միայն համամասնական է, թեպետ, կարծում եմ, շատ ավելի լավ կլիներ, եթե համամասնականը ևս պահպանվեր: Բայց սա ժողովրդի կամքն է, ընտրություն է և սա արդեն, ինչպես ասում են, բեկանման ենթակա չէ: Եվ ահա, այս գործընթացը բերեց նրան, որ Արցախում ձևավորվեցին նոր ուժեր, ստեղծվեցին նոր քաղաքական կուսակցություններ, որոնք իրենց չէին տեսնում վաղուց ձևավորված ուժերի կազմում: Իհարկե, եղան ու կլինեն նաև վերադասավորումներ, տարբեր խմբեր ստեղծեցին քաղաքական նոր կուսակցություններ:

Ձեր ակնարկած քաղաքական նոր ուժերի մեջ կաք նաև Դուք. այս տարվա փետրվարին հայտարարեցիք կուսակցություն ստեղծելու և գալիք ընտրություններին ակտիվ մասնակցելու ձեր մտադրության մասին:

Այո, եւ որպեսզի կարողնանանք դիմակայել բոլոր մարտահրավերները, իսկ դրանք շատ են, պետք է ունենանք կառավարման հզոր համակարգ, որտեղ լինեն պարկեշտ ու պրոֆեսիոնալ ու հայրենասեր մարդիկ: Անհրաժեշտ է ունենալ այդպիսի նորմալ մարդկանց գործադիր, օրենսդիր, առհասարակ՝ բոլոր հարթություններում, իշխանական բոլոր թևերում: Պակաս կարևոր չէ պահպանել ավանդույթները, այն լավը, ինչ եղել է: Պետք է թերթենք անցյալի էջը, փորձենք շտկել բացթողումները, առանց միմյանց մեղադրելու, հակամարտելու՝ անցնենք առաջ:

Թեկնածուների շրջանակը որոշակիորեն հայտնի է. Արայիկ Հարությունյան, Մասիս Մայիլյան, Սամվել Բաբայան, Վիտալի Բալասանյան… Դուք անձամբ առաջադրելո՞ւ եք Ձեր թեկնածությունը։

Այն, որ թեժ պայքար է լինելու՝ միանշանակ է: Իհարկե, բնական է, որ տարբեր մարդիկ, քաղաքական տարբեր գործիչներ իրենց տեսնում են առաջնորդի դերում՝ թե՛ նախագահական և թե՛ խորհրդարանական ընտրությունների արդյունքում: Մեկ բան ակնհայտ է՝ պետք է լինի փոխադարձ հարգանքի մթնոլորտ, որովհետև մենք մրցակիցներ ենք, բայց թշնամիներ չենք:

Թե ինչ կլինի առաջիկայում, քանի հոգի, ովքեր կլինեն թեկնածուները, կարծում եմ ժամանակը ցույց կտա, իսկ այս պահի դրությամբ դրա մասին դեռևս վաղաժամ է խոսել:

Օգոստոսի 5-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ունեցած ելույթում ընդգծեց, որ Հայաստանը լինելու է Արցախում արդար ու թափանցիկ ընտրությունների երաշխավորը: Հայտարարությանը հաջորդեց Հայաստանի կառավարության որոշումը՝ դրամաշնորհ տրամադրել հասարարական կազմակերպություններին՝ Արցախում ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար: Արցախում ինչպե՞ս են պատրաստվում առաջիկա համապետական ընտրություններին, հանրության, քաղաքական շրջանակներում ինչպիսի՞ մթնոլորտ է…

Ընտրություններին պատրաստվում ենք ամենայն լրջությամբ: Համոզված ենք, որ ինչպես նախորդ դեպքերում, այս անգամ ևս Արցախի Հանրապետությունում տեղի են ունենալու օրինակելի ընտրություններ: Արցախը միշտ էլ աչքի է ընկել ազատ ու ժողովրդավարական ընտրություններով: Ճիշտ է, եղել են նաև որոշակի թերություններ, բացթողումներ, առաջիկայում ևս դրանք բացառված չեն, բայց պետք չէ այդ ամենը դարձնել ողբերգություն: Ընտրությունների ժողովրդավար և թափանցիկ լինելը մեզ համար մշտապես եղել է գլխավոր նպատակադրումներից մեկը: Առանց ժողովրդավարության իմաստազրկվում է ամբողջ պայքարի, շարժման խորհուրդն ու արժեքը: Հուսով ենք և պիտի ջանանք, որ Արցախում 2020 թ. կայանալիք խորհրդարանական և նախագայական ընտրությունները լինեն օրինակելի և մեկ քայլ առաջ նախորդներից:

Մենք, իհարկե, շնորհակալ ենք, որ Հայաստանի Հանրապետությունը սատարում է Արցախի ժողովրդավարական գործընթացներին: Զուգահեռաբար, մենք ինքներս էլ կձգտենք ներգրավվել դիտորդական, այդ թվում՝ միջազգային խմբերում, որպեսզի գալիք համապետական ընտրությունները կայանան հավուր պատշաճի:

Զրուցեց Արա Ալոյանը

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here