տուն Հասարակություն Առողջապահություն Մեր 100% կարգապահությունն իր կոնկրետ թվերով արտահայտվելու է ամենաշուտը մեկ շաբաթ հետո....

Մեր 100% կարգապահությունն իր կոնկրետ թվերով արտահայտվելու է ամենաշուտը մեկ շաբաթ հետո. վարչապետ

249
0

Վարչապետ Փաշինյանը, կառավարության այսօրվա նիստում արձագանքնելով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ներկայացրած Հայաստանում տիրող կորոնավիրուսային իրավիճակի թվային տվյալներին, մասնավորապես նշեց.

«Այսօրվա մեր, ենթադրենք, 100% կարգապահությունն իր կոնկրետ թվերով արտահայտվելու է ամենաշուտը մեկ շաբաթ հետո: Այսինքն՝ այսօր մենք տեսնում ենք մեկ շաբաթ առաջվա մեր կարգապահության մակարդակը, և էլի ուզում եմ մեր բոլոր քաղաքացիներին կոչ անել, որպեսզի ճշգրտորեն պահվեն հակահամաճարակային կանոնները, որոնք մենք հնարավորինս պարզ ձևակերպել ենք. կրել դիմակ, ախտահանել ձեռքերը, պահպանել սոցիալական հեռավորություն: Եվ փորձը ցույց է տալիս, որ այս կանոնների պահպանումը բերում է գրեթե 100 տոկոսանոց արդյունքի: Այսինքն՝ վարակման դեպքերի 95%-ը հետևանք է դիմակ չկրելու, ձեռքերը չախտահանելու, սոցիալական հեռավորությունը չպահպանելու: Եվ ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել, որ հիմա վերջին շրջանում մեզ համար շատ լուրջ խնդիր են դառնում հուղարկավորությունների, հոգեհանգիստների ժամանակ պարետատան սահմանած կանոնների չպահպանումը, և էստեղ շատ կարևոր դեր ունեն ոչ միայն ոստիկանությունը, այլև ՏԻՄ-երը, համայնքները, որոնք ամեն նման դեպքում պետք է կարողանան ճիշտ հաղորդակցության մեջ մտնել քաղաքացիների հետ՝ նրանց ներկայացնելով իրավիճակի ողջ բարդությունը և այս իրավիճակում հակահամաճարակային կանոնների պահպանման անհրաժեշտությունը: Մենք արդեն բազմաթիվ դեպքեր ենք ունենում, երբ վարակի տարածման պատճառը հուղարկավորությունների և հոգեհանգստի արարողությունների ժամանակ հակահամաճարակային կանոնները չպահպանելն է: Հաջորդ խնդիրն, այսպես ասած, ընդհատակյա հարսանիքներն են»: