Այսօր կառավարության հերթական նիստին քննարկվող հարցրից մեկը վերաբերում էր Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու ու Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին գումար հատկացնելու մասին հարցին:
Վարչապետ Փաշինյանն այս կոնտեքստում ընդգծեց, որ պետք է ստանդարտների բարձրացման մեր խնդիրը անընդհատ ունենանք աչքի առաջ:
«Ճիշտ է մենք պարծենում ենք, կամ հաշվետու ենք լինում մեր հանրությանը, որ օրինակ այսօր ճանապարհաշինության որակը շատ ավելի լավ է, քան երեք տարի առաջ: Բայց միևնույն է պետք է արձանագրենք, որ էս որակը, որ այսօր ունենք` մենք էդ որակից ընդհանրապես բավարարված չենք: Մենք պետք է անգամներով որակը բարձրացնենք: Եվ մեր քննարկումների կարևոր նրբություններից մեկն այն է, որ մենք պետք է ստեղծենք վիճակ, որ շինարարական ընկերություններն էլ իրենց հերթին շինարարություն իրականացնեն հենց որպես շինարարական հայկական ընկերություններ այլ երկրներում»,-նկատում է կառավարության ղեկավարը:
Վարչապետը խոսեց նաև շինարարական ոլորտում կատարվող և կատարվելիք բովանդակային փոփոխությունների մասին:
«Այս բոլոր փոփոխությունները, որ մենք անում ենք` բերելու է մի շատ կարևոր արդյունքի: Հենց շինարարական ընկերությունների ստանդարտներն են փոխվելու: Նրանց մրցունակությունն է փոխվելու ԵԱՏՄ շուկայում. և առհասարակ միջազգային շուկայում: Եկեք խոստովանենք, որ մինչև հիմա Հայաստանի Հնարապետությունում շինարարության նկատմամբ կա մի այսպիսի տրամաբանություն` «փոդրատչիություն»: Սկսած հագուստից, սկսած շինհրապարակների որակից: Եվ այստեղ ստանդարտի խնդիր ունենք: Մեր շինհրապարակները ցավոք սրտի, շատ հաճախ ավելի շատ աղբանոցի են նման, քան, թե գործունեություն ծավալելու տեսակի: Այս պրոցեսով մենք պետք է ստանդարտը բարձրացնենք:Մեր նպատակը այստեղ էլ պետք է լինի բովանդակային»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Հայկ Մագոյան