ՎԶՄԲ-ը Հայաստանին 45.8 մլն եվրո գումարի չափով բյուջետային աջակցության վարկ կտրամադրի: Այս մասին ԱԺ արտահերթ նիստում տեղեկացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը:
Անդրադառնալով քննարկվող հարցին՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեսակետ հայտնեց, որ ընդդիմությունը, որպես կանոն, բյուջեին, կառավարության ծրագրին, վարկային համաձայնագրերին կողմ չի քվեարկում: Նրա խոսքով, իրենք ևս այդկերպ են վարվելու, եթե երբևէ նորից ընդդիմություն լինեն:
Միրզոյանը նշեց, որ Հայաստանի գործերն այնքան լավ են, որ շատ էժան փող են առաջարկում մեր երկրին:
«Մենք այնպիսի առաջընթացներ ենք արձանագրել տարբեր բարեփոխումների գծերով, մեր երկրի վստահությունը, կայունությունը, կանխատեսելիությունը միջազգային գործընկերների, այդ թվում՝ ֆինանսական հաստատությունների համար այնքան է աճել, որ իրենք գիտեն, որ թեև մենք իրենց պարտք ենք փող՝ 5 տոկոսով, առաջարկում են մեզ փող՝ 1.6 տոկոսով, թվերը պայմանական եմ ասում»,- շեշտեց ԱԺ փոխնախագահը: