«Դ!եմ եմ»-ի ակցիաներին մասնակցելու պատճառով աշխատանքից հեռացված Մետրոպոլիտենի նախկին աշխատակիցներ Գագիկ Գալստյանը, Սեւակ Հովհաննիսյանը, Անդրանիկ Գեւորգյանը մինչ օրս աշխատանք չեն գտել:
Նրանց փաստաբան Քրիստինա Գեւորգյանը նշում է, որ իրենք դիմել են դատարան եւ պահանջում են աշխատակիցների աշխատանքի վերականգնում եւ պարապուրդի վճարների փոխհատուցում:
«Պատասխանող կողմը չկարողացավ մինչ օրս ներկայացնել իր հիմնավորումները եւ ժամանակ խնդրեց: Հաջորդ դատական նիստը կլինի մայիսի 30-ին: Իսկ հաշտության համար ժամանակ կար, քանի որ իմ վստահորդները փետրվարի 14-ին են ազատվել աշխատանքից: Մերˋ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն հորդորել է, որպեսզի աշխատանքի վերականգնեն նախկին աշխատակիցներին եւ վեճը լուծվի արտադատական ճանապարհով, սակայն տնօրինությունից մերժել են արտադատական լուծման ճանապարհը»,-ասում է փաստաբան Քրիստինա Գևորգյանը:
Հիշեցնենք, որ աշխատակիցներին ազատել էին աշխատանքից «Աշխատանքային օրենսգրքի» 113-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն, որը նշանակում է, որ աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու հիմքով են ազատել նրանց աշխատանքից:
«Բայց նախնական դատական նիստին պատասխանող կողմը բոլորովին այլ կողմով է փորձում տանել եւ նույն հիմնավորումը չի ներկայացնում աշխատանքից ազատելու համար»,-ասում է Գևորգյանը:
Աշխատակիցնեը, ովքեր 15 տարի աշխատել են Մետրոպոլիտենում, վստահ են, որ կշահեն դատական գործը եւ նորից կաշխատեն Մետրոպոլիտենում:
«Մենք պատրաստ ենք նորից աշխատել Մետրոպոլիտենում: 15 տարի աշխատել ենք այնտեղ, ուրիշ տեղ մեր մասնագիտությամբ դժվար է աշխատանք գտնել»,-ասում է նախկին աշխատակից Գագիկ Գալստյանը: