Իտալիայի ազգային հավաքականի և «Յուվենտուսի» լեգենդար նախկին ֆուտբոլիստ Ալեսանդրո դել Պիերոն անդրադարձել է այսօր Մադրիդում կայանալիք «Ռեալ» — «Յուվենտուս» հանդիպումը, որը տեղի կունենա Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի շրջանակներում։
««Ռեալի» դեմ առաջին անգամ խաղացել եմ «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում 1996 թվականին։ Մինչ այդ կախարդական այդ մարզադաշտը տեսել էի միայն հեռուստացույցով։ Այն ժամանակ մենք դիմակայում էինք այնպիսի աստղերի, ինչպիսիք են Ֆերնանդո Հիերոն և Ռոբերտո Կարլոսը։ Չեմ կարող մոռանալ նաև Ռաուլին, նա ինձ շատ էր դուր գալիս։ Բայց ամենաշատն իմ հիշողության մեջ տպավորվել է 2002-2003 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչը, երբ խաղադաշտ էինք դուրս գալիս այնպիսի ֆենոմենալ ֆուտբոլիստների դեմ, ինչպիսիք էին Զիդանն ու Ռոնալդոն։ Հիմա մադրդիցիներնը նույնպես ունեն հզոր թիմ՝ Կրիշտիանո Ռոնալդուի գլխավորությամբ։
Իսկ այն հարցին, Մեսսի՞ն է լավը, թե՞ Ռոնալդուն, կասեմ հետևյալը․ դա նույնն է, որ հարցնեք՝ մայրիկի՞դ ես սիրում, թե՞ հայրիկիդ։ Մեսսին ֆանտաստիկ տաղանդ է, որի համար արգելքներ չկան։ Ռոնալդուն հանճար է, ով ունի լավ ֆիզիկական տվյալներ», — ասել է Դել Պիերոն։ Այս մասին հաղորդում է AS-ը։