Մարդու իրավունքների նախկին պաշտպան և «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ տնօրեն Լարիսա Ալավերդյանն այսօր խոսեց Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների հարցի շուրջ:
Քանի որ մեր կազմակերպությունը իրավունք ունի և տարիներ շարունակ զբաղվում է պատանդների որոնման, վերադարձման վերականգնողական աշխատանքներով:
Անդրադառնալով Մամիկոն Խոջոյանի հետ կապված դեպքին՝ նախկին ՄԻՊ-ը նշեց, որ նա դեռ գտնվում է Իջևանի ԲԿ-ում:
«1937թ. ծնված Վերին Կարմրաղբյուր գյուղի բնակիչը Ադրբեջանում վիրահատության է ենթարկվել և հիմա նա կարիք ունի ոչ միայն վերականգնողական բուժման, այլև վիրահատության: Կարծում եմ, մենք պետք է արձագանքենք Ադրբեջանի նման գործողություններին:
«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ-ն ժամանակին համագործակցել է ադրբեջանական ՀԿ-ների հետ վիրտուալ կերպով: Ցավոք, Ալիև որդին եկավ և կտրեց այն հնարավորությունները, որ ունեինք»:
Ըստ Ալավերդյանի՝ այստեղ խոսքը ժնևյան 4-րդ կոնվենցիայի խախտման մասին է:
«Մամիկոն Խոջոյանը ենթարկվել է ոչ միայն ծեծի, այլ նաև խոշտանգումների: Ասում են` ինքը հիմա չի ճանաչում իր հարազատներին: Այն, որ նա հայտնվել է այս կողմի վրա ծայրահեղ ծանր վիճակում, փաստ է: Անգամ վարկած կա, որ Ադրբեջանում վախենում էին, որ կարող է վրա հասնել մահը, ինչը ավելի ծանր հանցագործություն է»:
Նախկին ՄԻՊ-ի ղեկավարած հասարակական կազմակերպությանը դիմել են շատ իրավաբաններ և առաջարկել համագործակցել այդ հարցում:
«Կարծում եմ, մեկ շաբաթվա ընթացքում կդիմենք Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան: Այդ ընթացքում պետք է շփվենք Մամիկոն Խոջոյանի հետ, իսկ դա նշանակում է, որ նա պետք է գա»,- ասաց Լարիսա Ալավերդյանը: