տուն Հասարակություն Մենք պետությունից հավելյալ անվերադարձ գումարներ չենք ուզում. կինոռեժիսոր

Մենք պետությունից հավելյալ անվերադարձ գումարներ չենք ուզում. կինոռեժիսոր

244
0

Կինոռեժիսոր Հայկ Օրդյանի «Զուլալի» գեղարվեստական-խաղարկային ֆիլմի երկրորդ մասը պետք է նկարահանվեր այս գարնանը: Ապրիլի սկզբին ներդրողի հետ պետք է պայմանագիր կնքվեր, գումարը փոխանցվեր, ապա մեկնարկեին նկարահանումները: Սակայն, ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ. կորոնավիրուսի պատճառով ներդրողը հրաժարվել է ֆինանսավորել ֆիլմը: Եվ հիմա, եթե նույնիսկ նկարահանումները թույլատրված են, ռեժիսորը լուրջ խնդրի առաջ է կանգնել: Փաստորեն, ֆիլմի համար Հայաստանի ազգային կինոկենտրոնի տրամադրած 40 միլիոն դրամը ևս կարող է ջուրն ընկնել: Այս պարագայում կառույցն ինքը պետք է շահագրգռված լինի, որպեսզի ֆիլմը հասցվի ավարտին: Կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի խոսքով, ռեժիսորի հետ փորձում են տարբերակ գտնել՝ նախագիծն ավարտին հասցնելու համար: Հայկ Օրդյանը նկատում է՝ կառավարությունը փորձեց օգնել մանր և միջին ձեռնարկություններին, սակայն կինոարտադրողներին հերթը չհասավ, ուստի ռեժիսորը հանդես է գալիս առաջարկով՝ կինոգործիչներին տրամադրել անտոկոս վարկեր:

AraratNews.am-ը զրուցել է կինոռեժիսոր Հայկ Օրդյանի հետ:

Հայկ Օրդյան

«Զուլալի» ֆիլմի համար որքա՞ն գումար է անհրաժեշտ:

Դե, գիտեք, ընդհանրապես, ֆիլմի բյուջեն փուլերից է կազմված: Եթե արտադրական փուլերի մասին ենք խոսում, դա մոտավորապես 60000 դոլարի կարգի է: Մոտավորապես 30 միլիոն դրամի կարգի մնացել է, որպեսզի մենք ամբողջական ավարտենք այս ֆիլմի արտադրական մասը: Հետարտադրական ֆիլմն արդեն այլ խոսակցություն է: Ֆիլմի արտադրական մասի բավականաչափ մասն արդեն ծախսվել է, իսկ երկրորդ փուլին արդեն մոտավորապես 30000000 դրամ է անհրաժեշտ:

Որպես կինոինդուստրիայի ներկայացուցիչ, ո՞րն է ռեժիսորների ու սցենարիստների առաջարակը կառավարությանը. կա՞ն հստակ նորմեր, որոնք անհրաժեշտ է քննրակել, ինչի արդյուքնում կիաստ մնացած կինոնախագծերն իրենց ավարտին կհասցվեն:

Հիմա մենք փորձում ենք մի քանի կինոգործիչներով ինչ-որ մի փաստաթուղթ ստեղծենք, որտեղ հստակ գրված կլինեն չափանիշները՝ չափորոշիչները, թե ինչ պայմաններով և ում պետք է աջակցություն ցուցաբերվի, բայց այն, որ նաև կինոկենտրոնի հետ պետք է քննարկվի (և քննարկվում է այդ հարցը) և, բնականաբար, կգանք այն եզրակացության, որ ինչ-որ մի փաստաթղթով կդիմենք կառավարությանը, բայց այս պահին, բնականաբար, մեր հիմնական ասելիքն այն է, որ ընթացքում գտնվող նախագծերին անտոկոս վարկի տրամադրումն ամենահարմար տարբերակն է, այսինքն՝ գումարը վերադարձնելու պայմանով: Մենք պետությունից հավելյալ անվերադարձ գումարներ չենք ուզում, չենք խնդրում: Մենք ուզում ենք, որ ուղղակի պայմաններ տան, որպեսզի մենք կարողանանք անտոկոս վարկեր վերցնենք, որպեսզի ավարտենք ֆիլմը՝ հետագայում վերադարձնելու պահանջով: Սա է մեր հիմնական գաղափարը, թե հետագայում ինչպես պետք է ձևակերպենք, դա ընթացքի մեջ է արդեն:

Մասնագետներից ոմանք կարծում են, որ  անտոկոս վարկերը գոնե կմեղմեն իրավիճակը, կինոգործչին կընձեռեն նոր հնարավորություն: Կասե՞ք, թե մասնավորապես ինչ հնարավորությունների մասին է խոսքը:

Խնդիրն այն է, որ այն կինոնախագծերը, որոնք հիմա ընթացքի մեջ են (տարբեր փուլերում՝ նախապատրաստական, արտադրական կամ հետարտադրական), գոնե այս նախագծերին պետք է առանձնահատուկ վերաբերմունք ցուցաբերվի, և գոնե այդ նախագծերը պետք է մասնակցեն ինչ-որ ծրագրերի. անտոկոս վարկի տեսքով, թե այլ տեսքով՝ դա արդեն քննարկման հարց է: Ես, որքան տեղյակ եմ, մի քանի շատ կարևոր կինոնախագծեր կորանավիրուսի պատճառով ու հետևանքով կարող են ընդհանրապես չեղարկվել. սա արդեն փաստ է: Եվ օր առաջ այս հարցը պետք է ինչ-որ կերպ լուծվի: Հետագա կինոարտադրության մասով դա պետք է քննարկել, բայց էն նախագծերը, որ էս պահին ընթացքի մեջ են, պետք է միանշանակ լուծում գտնեն, որովհետև բավականաչափ գումարներ են ծախսված և էդ լուրջ գումարները՝ թե մասնավոր ներդրողների և թե պետության կողմից, ծախսվել են, այսինքն՝ սա մի հարց է, որը համակողմանի լուծում է պահանջում:

Առհասրակ, կինոկենտրոնը ինչպե՞ս է պատկերացնում իր աջակցությունն այս դեպքում:

Նույն իրավիճակում նաև կինոկենտրոնն է, այսինքն՝ այն ներդրումները, որ արել է կինոկենտրոնը տարբեր նախագծերին, իրենք էլ շատ լավ գիտակցում են, որ այստեղ շատ լուրջ խնդիր կա, և մենք փորձում ենք հիմա միասին ինչ-որ հարցերի լուծում գտնել: Հիմա ընթացքի մեջ ենք, այսինքն՝ ոչ մի բան դեռ որոշված չի, ոչինչ դեռ ավելի կոնկրետ, ավելի հստակեցված չի: Ուղղակի քննարկումների փուլում ենք մենք գտնվում, և այդ քննարկումները պետք է ինչ-որ արդյունք տան, որովհետև մենք, կոպիտ ասած, այլընտրանք չունենք: Հիմա կոնկրետ իմ նախագիծը, եթե այս պահին չնկարահանվի, նշանակում է, որ ես չեմ կարող շարունակել նկարահանումներն ընդհանրապես՝ մի քանի շատ կարևոր պատճառներով, որոնցից մեկն, օրինակ, իմ գլխավոր հերոսն է, որը երեխա է և եկող տարի էլ չի համապատասխանելու այն վիճակին, որ վիճակին որ ինքը կա, այսինքն՝ մեծանալու է: Սա լուրջ խնդիր է: Ավելի լուրջ, քան մենք պատկերացնում ենք: