Եկեք պարզենք՝ Մադրիդյան սկզբունքները որտեղ են կանգնած, հասկանանք, որ այս վիճակն է, ու նոր գնանք առաջ։ Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ նկատի ուներ Արցախի ԱԺ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, երբ հնչեցրեց այն միտքը, որ գուցե հիմա պետք է նոր փաստաթուղթ դնել բանակցությունների սեղանին։
Փաշինյանը հարցին պատկերավոր մոտեցավ, նշեց, որ բոլորս կարող ենք Հայաստանի տարբեր քաղաքներով գնալ և ինչ-որ խաչմերուկում հանդիպելու ենք, բայց երբ Գավառի խաչմերուկում պարզվի, որ «մեկն ուզում է գնալ Գյումրի, մյուսը Արմավիր, էն երրորդը՝ Արտաշատ, դա նշանակում է՝ պրոբլեմ կա այդ Մադրիդյան սկզբունքների մեջ։ Ինչ-որ մեկը ինչ-որ մեկին խաբում է, իսկ մենք չենք ուզում բանակցային գործընթացում և ընդհանրապես մեր հարաբերություններում որևէ մեկին խաբենք»։