ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության երեկվա նիստում հայտարարեց փոքր ու միջին բիզնեսին աջակցելու իրենց մտադրության մասին, նույնիսկ ներկայացրեց համապատասխան ծրագիր: Այս թեմայի շուրջ AraratNews.am-ի թղթակիցը զրուցել է կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի հետ:
— Պարոն Մեսրոբյան, ինչպե՞ս կմեկնաբանեք վարչապետ Տիգրան Սարգսյանի այն դիտարկումը, ըստ որի՝ կառավարությունը տնտեսական աճը խթանելու համար, ու հատկապես փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար աննախադեպ ծավալի ֆինանսական միջոցներ է տրամադրելու:
— Պետության կառավարման մեջ կա պատճառահետևանքային կապ, ի սկզբանե պետությունն օլիգարխված է, և տարբեր ոլորտները կենտրոնացված են, ու պետական կառավարման մեջ էլ նաև կշիռ ունեն հենց օլիգարխները, ու այդ պատճառով բացառվում է, որ ըստ էության, քաղաքականություն լինի փոքր ու միջին բիզնեսը խթանելու, բացառվում է, որովհետև մոնոպոլիզացված տնտեսության գաղափարախոսությունը հետևյալն էˋ բոլոր ոլորտները պատկանեն մեկ կամ մի քանի տնտեսվարող սուբյեկտների:
— Մտավախություն չկա՞, որ ներդրվող գումարի եթե ոչ ամբողջը, ապա առնվազն մեծ մասը կրկին հոսելու է մեծ բիզնեսˋօլիգարխների գրպանը:
— Երբ գումարը չի ծառայելու նպատակին, այսինքն տնտեսական էֆեկտ չի տալու վերը բերված պատճառներով, ինձ հետաքրքիր չէ ինչը ուր է գնում, որովհետև ցանկացած համակարգ կարող է զարգանալ, երբ բոլոր մակրո և միկրո թիրախները իրոք հասանելի են դառնում, և դու անցնում ես թիրախների մյուս շերտ: Եթե ի սկզբանե պարզ է, որ օլիգարխիան դեմ է լինելու նման բաների, մնացածը հետաքրքիր չէˋ կլինի նույնը, թե մի քիչ այլ ձևով՝ ինչին մենք սովոր ենք, դա արդեն էական չէ:
— Այդ դեպքում կարո՞ղ ենք ասել, որ վարչապետի երեկվա խոստումըˋ կապված փոքր ու միջին բիզնեսին խթանելու հետ, մնացած անիրագործված խոստումներից մեկն է ընդամենը:
— Ես չեմ բացառում, որ փորձ է արվում խթանել, բայց կան կառավարման օրենքներ, մենք կարող ենք համաձայն չլինել այդ օրենքների հետ, եւ քանի որ կառավարման օրենքները կյանքի օրենքներ են, ուրեմն անհրաժեշտ է պատճառահետևանքային մոտեցում ցուցաբերել, եթե ասում են՝ չի քայքայվում պետական օլիգարխիկ կառավարման համակարգը, մնացածն արդեն անիմաստ է: Եթե ես հողի վրա ունեմ վնասատու բույսեր, երբեք չեմ կարողանա մտածել, որ այդ բույսերից չազատվելով՝ այդ դաշտից կունենամ լավ բերք, իսկ մենք ուզում ենք այդ մոլախոտը չմաքրելով լավ բերք ակնկալել, չի լինի դա, որովհետև կառավարման օրենքները կյանքի օրենքներ են:
Զրուցեց Էմմա Պալյանը