22 տարի առաջ այս օրը մեր ազատամարտիկներն արյան գնով ազատագրեցին պամական Շուշի բերդաքաղաքը ու դրեցին Արցախյան հաղթարշավի հիմքը:
Թվում է, թե երկու տասնամյակ անց մենք պետք է հաղթահարած լինեինք պատերազմի դառն ու ծանր հետևանքները:
Հաճախ պատերազմին հաջորդող երկու տասնամյակներին գնահատական տալիս մարդիկ հիշում են հայտնի թևավոր խոսքը.«Մենք հաղթեցինք պատերազմը, իսկ խաղաղությունը` պարտվեցինք»:
Պարտվեցինք, որովհետև դեռ պատերազմից կարճ ժամանակ անց սկսվեց հողերի սակարկման ու առուծախի հայտնի գործընթացը, որի մեջ ենք մինչև այսօր:
Պարտվեցինք, որովհետև պատերազմը դեռ չավարտված ռազմական էլիտան սկսեց իր լայնածավալ թալանի ծրագիրը, որի վառ ապացույցը քանդված թալանված ու ավերված ազատագրված տարածքներն են:
Պարտվեցինք, որովհետև ոչ միայն չխթանեցինք, այլ խանգարեցինք ու խոչընդոտեցինք ազատագրված տարածքների վերաբնակեցմանը, քանի որ խոչընդոտողները գիտակցում էին, որ բնակեցված տարածքն այլևս չեն կարողանա հանձնել:
Պարտվեցինք, որովհետև պատերազմում հաղթանակ ապահովածները` ողջ թե զոհված, մեծամասամբ անուշադրության մեջ են, որովհետև հաղթանակ կերտողներից շատերը` Արաբոյի Մանվել, Սասուն Միքայելյան, Սմբատ Այվազյան, Մուշեղ Սաղաթելյան ու տասնյակ այլ հերոսներ բանտերում հայտնվեցին` սեփական կարծիքն արտահայտելու համար:
Այսօր ազատամարտիկներից շատերը փողոցում են, իսկ երկրի նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը նրանց նվնվացող է համարում:
Հաղթանակի լիարժեք գիտակցումն ու ապագա ազգային պետության կերտումը, օրինական իշխանության հաստատումը կլինեն լավագույն շնորհավորանքը թե մեր 7.000 սուրբ նահատակներին ու իրենց ընտանիքներին, թե ողջ հերոսներին ու ամբողջ հայ ազգին:
Տոնդ շնորհավոր, Հայաստան:
Արմեն Մկրտչյան