Այսօր լրանում է մեկ տարին, երբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ապօրինի որոշմամբ Երևանում տրանսպորտի ուղեվարձը թանկացավ 100 դրամով:
Երևանում սկսվեց համազգային շարժում՝ »Վճարում ենք 100 դրամ» նշանաբանով:
Araratnews_ը ներկայացնում է հարցազրույց Քաղաքացիական պայմանագրի անդամ, Ararat մեդիա գրուպի գլխավոր խմբագիր Ալեն Սիմոնյանի հետ:
-Շարժումը սկսվեց անվճար փոխադրումներից՝ Free car ակցիայից: Դուք, որպես այդ ակցիայի նախաձեռնողներից մեկը, կներկայացնեք, թե ինչպե՞ս որոշվեց անցկացնել ակցիան:
-Ակցիայի միտքը ծագեց ընկերոջս՝ դերասան Հայկ Մարությանի մոտ: Առավոտյան զանգեց, հանդիպեցինք, որոշեցինք անել, ու արեցինք: Արձագանքն անսպասելի էր: Շարժումն աննախադեպ էր, որովհետև առաջին հերթին քաղաքացին հնարավորություն ուներ պասիվ ձևով, տեղում իր վերաբերմունքը ցույց տալ ակցիային՝ չվճարելով 150 դրամ: Երկրորդ փաստը հասարակական լայն հնչեղությունն էր, առանց որի, կարծում եմ, այս արդյունքը չէինք ունենա:
-Ի՞նչ արդյունք տվեց շարժումը:
-Առաջինը «այ մարդ, մեկ ա բան չի փոխվելու» մտածելակերպի , կարծրատիպի կոտրելն էր: Կարծում եմ՝ ստացվեց: Բայց սա «հաղթանակ» կոչելը մեծ հաշվով սխալ է: Մենք ճակատամարտ ենք հաղթել, բայց պատերազմը դեռ շարունակվում է, ու գլխավոր ճակատամարտերն առջևում են:
-Եթե շարժումը քաղաքականացվեր, ի՞նչ ընթացք կունենար:
-Շարժումը քաղաքական չէր, բայց կարող էր ու պետք է վերածվեր քաղաքական պայքարի: Կարծում եմ իշխանությունները ևս ունեցան այդ վախը: