Շիրակի մարզի Սառնաղբյուր համայնքի բնակիչները այսօր բողոքի ցույց էին կազմակերպել Շիրակի մարզի դատախազության շենքի դիմաց: Նրանք միկրոավտոբուսներով շուրջ 50 հոգի եկել էին Գյումրի՝ բողոքելու, իրենց խոսքերով ասած, գյուղում տիրող անարդարությունների ու ստորաքարշ բարքերի համար: Սառնաղբյուրցիները պահանջում են ազատ արձակել երկու ամիս առաջ կալանավորված համագյուղացի Նվեր Նիկոյանին, ով Արցախյան պատերազմի մասնակից է, Շուշիի ինքնապաշտպանական մարտերի ժամանակ երկու անգամ վիրավորված ազատամարտիկ: Սառնաղբյուրցիների խոսքերով՝ Մարալիկի ոստիկանությունը կեղծ գործ է սարքել եւ թմրանյութերի օգտագործման կասկածանքով ձերբակալել են ազատամարտիկին:
«Մեր գյուղի հերոսին, ով տարբեր շքանշաններ ու պատվոգրեր ունի, այսօր տարել փակել են, ու դա արել են նրա համար, որ փող պոկեն, որովհետեւ գիտեն, որ իրանք աշխատող ժողովուրդ են եւ գումար ունեն»,- դժգոհում են սառնաղբյուրցիները: Համագյուղացիները պատմեցին, որ Նվեր Նիկոյանը պատերազմի տարիներին կոնտուզիա է ստացել, նրանք ցույց տվեցին նաեւ հիվանդության փաստաթղթերը: Ն. Նիկոյանը տառապում է էպիլեպսիայով, գրանցված է նաեւ հոգեկան առողջության կենտրոնում:
«Էդ մարդը անգամ ծխախոտ չի դնում բերանը, էդ մարդը հիվանդ է, նա խմել չի կարող, ուր մնաց նրան թմրամիջոց օգտագործելու կամ չգիտեմ ինչի մեջ են մեղադրում, որքանո՞վ է ճիշտ անմեղսունակ մարդուն բռնել տանել, վրան կոտրել ու փակել: Մենք ամբողջ գյուղով դուրս ենք գալու, պայքարելու ենք, մենք հրաժարվում ենք, մեր գյուղում սուգ է, Նոր տարի էլ չենք անելու, սուգ ենք բերելու նաեւ իրենց սաղի, այս իշխանությունների գլխին… ոտքով պիտի քայլենք Երեւան…
Մենք կփակենք բոլոր ճանապարհները, գեղովի ոտքով կգնանք Կոստանյան Գեւորգի ու Վովա Գասպարյանի մոտ»:
Մանրամասները՝ galatv.am — ում: