տուն Լուրեր Մենք կարեւորում ենք ուսանողների ներգրավվածությունը. «Դ!եմ եմ»-ը ակտիվորեն աշխատում է ԲՈՒՀ-երի հետ

Մենք կարեւորում ենք ուսանողների ներգրավվածությունը. «Դ!եմ եմ»-ը ակտիվորեն աշխատում է ԲՈՒՀ-երի հետ

84
0

kensatoshakayin-akcia01

«Դ!եմ եմ» շարժումը ակտիվորեն իրազեկման ակցիաներ է անցկացնում հայաստանյան ԲՈՒՀ-երումˋ տեղեկատվություն տրամադրելով ուսանողներին կեսնաթոշակային նոր համակարգի վերաբերյալ:

«Դ!եմ եմ»-ի անդամների վերջին հանդիպումը  եղել է Երեւանի Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ուսանողների հետ:

«Մենք առաջինը այցելել ենք Երեւանի պոլիտեխնիկի համալսարան, երկրորդըˋ սլավոնական համալսարան: Պոլիտեխնիկում բավականին իրազեկված էր ուսանողությունը, իսկ սլավոնականում մի քիչ պասիվ էին: Պատճառն ան է, որ այնտեղ սովորում են բավականին մեծ թվով ոչ ՀՀ քաղաքացիներ, բայց օրենքը, միեւնույնն է, իրենց վրա էլ է ազդելու, եթե հետագայում այստեղ աշխատեն»,- ասում է «Դ!եմ եմ» շարժման անդամ, տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ Արտաշես Արաբաջյանը Araratnews.am-ի հետ զրույցում:

Ուսանողների հետ հանդիպումները իրենց արդյունքը տալիս են: Արաբաջյանը փաստում է, որ ընդդեմ կուտակային կեսնաթոշակային համակարգի քաղաքացիական պայքարինˋ երթերին, ակցիաներին միացել նաեւ ուսանողներ:

«Պոլիտեխնիկի հետ հանդիպումներից հետո գալիս էին մեզ հետ քննարկումների: Լուսավորման երթին կային բավականին մեծ թվով ուսանողներ, նաեւ դասախոսներ: Սլավոնական համալսարանում առաջիկայում կտեսնենք: Պոլիտեխնիկում եթե ավելի շատ քննարկման հարցն էր դրված, ապա սլավոնականում՝ իրազեկման: Եվ մուտքի մոտ թռուցիկներ էինք բաժանում մարտի 22-ի հանրահավաքի վերաբերյալ»,-ասում է Արաբաջյանը:

Նա հավելում է, որ Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանում (պոլիտեխնիկ) ացկացված քննարկմանը մասնակցել է շուրջ 200 ուսանող, իսկ Սլավոնականումˋ 100:

«Մենք շատ ենք կարեւորում ուսանողների ներգրավվածությունը, իրենց էլ է սա վերաբերում եւ մենք առաջիկայում,  իհարկե, գնալու ենք այլ բուհեր»,-նշում է Արաբաջյանը: