Ազգային ժողովում քննարկվող «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի նախագծին «Ժառանգություն» խմբակցությունը դեմ է, քանի որ կարծում է, որ այդ պաշտոնյաները, ինչպես նաև պատգամավորները, լավ չեն աշխատում և, հետևաբար, նրանց աշխատավարձերը չպետք է բարձրացվեն, ինչպես նախատեսում է օրինագիծը։ Խմբակցությունների ամփոփ ելույթի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը նշել է, որ այս օրինագիծը նախատեսում է բարձրացնել պատգամավորի աշխատավարձը, սակայն ոչ ուսուցչի, մանկավարժի: «Ես այսօր ստանում եմ 240.000 դրամ աշխատավարձ և կարծում եմ, որ լավ չեմ աշխատում: Իսկ այն մանկավարժը, որն ստանում է 100.000 դրամ, նա հսկայական գործ է անում, մեր երեխաներին տալիս է գիտելիք: Իսկ մենք այստեղ ի՞նչ ենք անում»,- արտահայտվել է պատգամավորը: Զարուհի Փոստանջյանը նշել է, որ իրենք պարտավոր են կարգ ու կանոն հաստատել, բայց արդյունքում օրեցօր աճում է արտագաղթը, իսկ քաղաքացիները նույն պաշտոնյաներից և պատգամավորներից հիասթափվում են:«Մենք լավ չենք աշխատում, որ աշխատավարձ բարձրացնեն, այդ թվում՝ չպետք է բարձրանա կառավարության անդամների, նախարարների աշխատավարձերը, որովհետև լավ չենք աշխատել: Ամեն օր մեր քաղաքացին չի զգացել, որ իր կյանքը բարելավվում է, հակառակը՝ մեր քաղաքացին ամեն օր դժգոհում է»,- ասել է նա: «Անբարոյական է, երբ մենք ցանկանում ենք մեր աշխատավարձը բարձրացնել։ Նույն պարոն ՀովիկԱբրահամյանի խնդիրը. ինչո՞ւ պետք է բարձրանա նրա աշխատավարձը: Ինչպե՞ս է մեր քաղաքացին մեզ գնահատելու, եթե մենք կողմ քվեարկենք այս նախագծին»,- եզրափակել է ընդդիմադիր պատգամավորը։
Էմմա Պալյան