Հետաքրքիր է հետևել շարքային քաղաքացու վարքագծին, երբ երկրում հայտարարվել է արտակարգ դրություն։
Օրինակ՝ ուշադրության կենտրոնում են հայտնվել բանկերը. մարդիկ մտածում են, որ բանկերը պետք է անգամ ներեն իրենց վարկերը: Մի հայհոյանք, մի մեղադրանք բանկերի հասցեին, թե բա բանկերը թալանում են ու անսիրտ են (կարծես բանկերը պետք է ձրի փող բաժանեն):
Եթե բյուջետային աշխատողները ստանալու են աշխատավարձ` անկախ նրանից, որ չեն աշխատում և տանն են, ապա նրանք կարող են իրենց վարկերը հանգիստ մարել, քանի որ պետությունը երաշխավորել է դա: Հետևաբար՝ այդ սեգմենտի մարդիկ բանկերից ու կառավարությունից բողոքելու որևէ պատճառ ու հիմք չունեն:
Ռիսկային գոտում են այն մարդիկ, ովքեր մասնավոր ոլորտում են աշխատում, քանի որ արտակարգ դրության պայմաններում կամ առհասարակ չեն աշխատելու, կամ նվազելու է իրենց շրջանառությունը, քանի որ մարդիկ տանն են մնում: Բանկերը նույնպես մասնավոր ոլորտում գործող սուբյեկտներ են:
Ի դեպ՝ բանկերը ևս կարող են եկամտի անկում ունենալ, քանի որ այս պայմաններում դժվար թե մարդիկ գնան նոր վարկեր վերցնեն: Այստեղ խնդիրը բազմաշերտ է: Միմյանց ընդառաջ պետք է գնան թե պետական, թե մասնավոր սուբյեկտները:
Եթե, օրինակ, պետությունը չի հայտարարում հարկային համաներում, ապա բանկերը ինչո՞ւ պետք է վարկերը ներեն: Այս հարցը շարքային քաղաքացին երբեք իրեն չի տալիս, քանի որ մեդիան շատ է մարդկանց ուղեղը լվանում այդ ուղղությամբ: Պետությունը չի կարող հենց այնպես հարկային համաներում անել, քանի որ աշխատավարձերը ձևավորվում են այդ նույն հարկերից, իսկ բանկերն էլ չեն կարող վարկային համաներում անել, քանի որ իրենց հերթին ունեն վարկային պարտավորություններ:
Բայց քանի որ արտակարգ դրություն հայտարարողը պետությունն է, այլ ոչ թե բանկերը, պետության ուսերին է կայունությունն ապահովելու բեռը: Այս իրավիճակում մինչև կառավարությունը լուծի մարդկանց կյանքի ու առողջության հետ կապված առաջնային հարցերը, բանկերի դեմ հիստերիա բարձրացնելն անօգուտ, տխմար զբաղմունք է: Եթե նման մարդիկ այդքան սրտացավ են, թող ավելի շատ ապրանք ու ծառայություն գնեն փոքր ու միջին բիզնեսից, քան սուպերմարկետներից, որպեսզի սոցիալական համերաշխության գաղափարը ռեալ արտահայտություն ունենա:
Իսկ երբ պետությունը ունենա ռեսուրս՝ հարկային ներում անելու, գոնե փոքր ու միջին բիզնեսի համար, ապա նոր միայն բարոյական ու տրամաբանական կլինի բանկերից պահանջել վարկերի տոկոսների ներում: Քանի դեռ ձրիակեր լյումպենի այդ հոգեբանությունը գերիշխող է հասարակությունում ու մեդիայում, հնարավոր չէ խնդիրներին իրական լուծումներ տալ ոչ արտակարգ դրությունից առաջ, ոչ ընթացքում, ոչ էլ հետո: Աղետների մեծ մասի գլխավոր պատճառը մարդկանց հիվանդ մտածողության մեջ է: