տուն Լուրեր Մենք ոչ նիստ ենք գումարել, ոչ էլ որոշում կայացրել. ԱԺ հաշվիչ հանձնաժողովը...

Մենք ոչ նիստ ենք գումարել, ոչ էլ որոշում կայացրել. ԱԺ հաշվիչ հանձնաժողովը խախտե՞լ է օրենքը

148
0

maxresdefault

Երեկ Ազգային Ժողովում տեղի ունեցած քվեարկության արդյունքները Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ գազային 3 պայմանագրերի հաստատման վերաբերյալ շարունակում են մնալ քաղաքական դաշտի գլխավոր քննարկվող թեման:

Հիշեցնենք, որ քվեարկությանը մասնակցած պատգամավորներից 72-ը կողմ էին քվեարկել համաձայնագրերի հաստատմանը: Մինչդեռ, ոչ իշխանական խմբակցությունները հայտարարում են, որ համաձայնագրերը չեն հաստատվել:

«Ընդդիմությունը շարունակելու է համաձայնագրերը համարել չհաստատված, իսկ իշխանությունը շարունակելու է համարել հաստատված: Իրականում դրանք իհարկե կհամարվեն հաստատված, ուղղակի հետագայում  կարող են վերանայման հիմք հանդիսանալ»,- Araratnews.am-ի հետ զրույցում ասում է փաստաբան Երվանդ Վարոսյանը:

Ըստ Ազգային Ժողովի կանոնակարգի 61-րդ հոդվածի 2-րդ կետիˋ երեկ քվեարկությունն անցկացվեց բանավոր կերպովˋ ձեռքով քվեարկելով, քանի որ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը գողացել էր էլէկտրոնային տարբերակով քվերակություն անցկացնելու համար նախատեսված ՀՀԿ բոլոր պատգամավորների քարտերը:

Քվեարկության արդյունքները հաշվելու համար հաշվիչ հանձնաժողովի անդամներից մասնակցել են ընդամենը երեքը, մյուսները, ոչ իշխանական խմբակցություններից, բոյկոտել են:

Araratnews.am-ի այն հարցին, թե քվեարկության ձայները հաշվելու ընթացքում չպե՞տք է ներկա լինեին հաշվիչ հանձնաժողովի բոլոր անդամները, որպեսզի քվեարկության արդյունքները իրավական հիմք ունենային, հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը պատասխանեց.

«Ոչ, եթե իրենք դուրս են եկել եւ բոյկոտել են՝ հաշվելու պրոցեսին չմասնակցելու համար ու հիմա կասկածում են մեր հաշվարկի վրա, ապա կարող են բողոքարկել, դա իրենց իրավունքն է: Բայց օրենքում չկա ոչ մի տեղ գրված եւ ֆիքսված այն մասին, որ բանավոր հաշվման ժամանակ պետք է հաշվիչ հանձնաժողովի  բոլոր անդամները լինեն, որ քվեարկության ձայները հաշվեն»,- ասում է Սուքիաս Ավետիսյանը:

Նշենք, որ Ազգային Ժողովի Կանոնակարգի 24-րդ հոդվածի 5-րդ կետում ասվում է, որ հաշվիչ հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նրա անդամների ձայների մեծամասնությամբ:

Այն հարցին, թե ինչպես կարելի է մեկնաբանել այս կետը, երբ երեկ բանավոր քվեարկության արդյունքերը հաշվելիս իսկապես չեն մասնակցել հաշվիչ հանձնաժողովի անդամների մեծ մասը, Սուքիաս Ավետիսյանն ասաց.

«Այստեղ որոշում ընդունելու կամ հաշվիչ հանձնաժողովի նիստ գումարելու կարիք չկար, ընդամենը պատգամավորները քվեարկել են, մենք հաշվել ենք ու թիվը հայտնել Ազգային Ժողովի նախագահին, որ հրապարակի»:

Ավետիսյանը հավելում է, որ հաշվիչ հանձնախմբի գործառույթը հիմնականում կայանում է  փակ, գաղտնի քվերակությանը, երբ այդ ժամանակ նիստ է գումարվում, որոշվում քվերակության կարգն ու ժամը: Եւ հենց այդ քվեարկության ժամանակ էլ կարեւոր է, որպեսզի հանձնախմբի անդամների մեծամասնությունը ներկա լինի:

«Սա եղել է բաց քվեարկություն կանոնակարգի օրենքի 61-րդ հոդվածի համաձայն, եւ այդ հոդվածի տակ տեղ չկա, որ բաց քվեարկությունից հետո նորից հաշվիչ հանձնաժողովը հավաքվի, նիստ հրավիրի ու հաստատի քվերակության արդյունքները: Բայց ի՞նչը պետք է հաստատի, երբ որ մարդիկ ձեռք են բարձրացրել, քվեարկել եւ մենք ընդամենը պարզ հաշվարկ ենք արել: Մենք երեկ ոչ նիստ ենք գումարել, ոչ էլ որոշում ենք կայացրել, որպեսզի հանձնախմբի մեծամասնության ներկա չլինելը խնդիր լիներ»,- ասում է Ավետիսյանը:

Մինչդեռ նշենք, որ Ազգային Ժողովի կանոնակարգի 24-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերի ուսումնասիրությունից պարզ է, որ հաշվիչ հանձնաժողովի լիազորություններն են հետևյալներըˋ ա) օրենքի 62-րդ հոդվածով գաղտնի քվեարկությունների կազմակերպումը և անցկացումը և դրանց արդյունքների ներկայացումը բ) օրենքի 44-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքում պատգամավորներին գրանցումը գ) օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքում պատգամավորների ձայների հաշվումը, և այս լիազորությունների իրականացումը պետք է արտահայտվի հանձնաժողովի անդամներիˋ ձայների մեծամասնության որոշմամբ:

Արդյունքումˋ հաշվիչ հանձնաժողովի իշխանական ներկայացուցիչները  հաշվի չեն առել Ազգային Ժողովի կանոնակարգի 24-րդ հոդվածի 4-րդ կետի երրորդ մասըˋ անդամների մեծամասնությամբ որոշում կայացնելու եւ քվեարկության ձայները հաստատելու համար:

Լիլիթ Առաքելյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here