Այսօր «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամը` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ և ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ տեղի ունեցավ Կենսաթոշակային երրորդ տարեկան համաժողովը, որին մասնակցում էին վարչապետ Տիգրան Սարգսյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը, ՀՀ ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը:
Համաժողովի ընթացքում ամփոփվեցին պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մեկնարկին նախորդած 10 տարվա նախապատրաստական աշխատանքները:
Համաժողովին ելույթ ունեցան նաև Լիտվայի աշխատանքի և սոցիալական ապահովության ծառայության սոցիալական ապահովագրության հիմնադրամի փոխնախագահ Ջովիտա Լիտվայտինը, ինչպես նաև Ղազախստանի Սոցիալական ապահովագրության հիմնադրամի փոխնախագահ Ժանիբեկով Մարատը: Վերջինները ներկայացրեցին իրենց երկրներում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման ընթացքն ու աշխատանքի մեխանիզմները:
Նշենք, որ ՀՀ ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը քաղաքացիների բողոքները կապեց մարդկանց ֆինանսական անգրագիտության հետ: Ըստ նրա` ովքեր չեն հասկանում սկզբունքը, պիտի ուղղակի վստահեն: «Կառավարությունն ու Կենտրոնական բանկը պիտի գիշեր ու ցերեկ աշխատեն, որպեսզի դուրս գան էս ամենի տակից: Մենք բեռի տակ ենք»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ համաժողովը, որի մասին չէին իրազեկվել ԶԼՄ-ները, ընդհատեցին «Դեմ եմ» նախաձեռնության անդամներն, ովքեր մտան դահլիճ ու խոսքի իրավունք պահանջեցին, սակայն համաժողովի կազմակերպիչ և վարող «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի նախագահ Կորյուն Սարգսյանը որոշեց ընդհատել համաժողովը: Կազմակերպիչները բռնի ուժով դուրս հանեցին նախաձեռնության մասնակիցներին: