Ալմաթիում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում մենամարտերն աստիճանաբար թեժանում են: Մեդալների համար պայքարն ավելի է սրվում և դրան տոն են տալիս նաև մեր երկրի ներկայացուցիչները:
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը ՀԱՕԿ-ի լրատվությանը հայտնել է, որ այսօր մրցահերթում ռինգ ելած մեր 2 մարզիկներն արդարացրել են սպասելիքները: Ճիշտ է, Արման Հովիկյանին (75 կգ) պարտություն էր գրանվել հարավկորեացի Ջեյմին Յոնգի հետ մենամարտում, բայց մարզադահլիճի տրիբունաները ծանրաբեռնած մարզասերները բուռն ծափերով են ողջունել հայ մարզիկին, ով, փաստորեն, կողմնակալ մրցավարության զոհն էր դարձել:
Գյումրեցի մարզիչ Արտավազդ Գևորգյանի աշակերտը խիզախ տղամարդուն վայել մենամարտ էր անցկացրել, միավորներով իսկապես հաղթել մրցակցին, բայց… պարտվել: Այս մասին վկայում է նաև տեսագրությունը, որը քանիցս դիտել ու վերլուծել են մեր և այլ երկրների մի խումբ մասնագետներ:
Իսկական փոթորիկ էր ստեղծվել ռինգում մեր Արամ Ավագյանի (56 կգ) և անգլիացի Գամալ Յաֆայի մենամարտում: Առաջին ռաունդում նվազագույն առավելություն ուներ անգլիացին: Երկրորդում Արամը վրեժխնդիր եղավ և հաղթեց: Իսկ երրորդում նոր ամպրոպ ճայթեց, որը յուրատեսակ ստուգատես էր իսկական մարտիկին որոշելու հարցում: Եվ Արամը «փշրեց» մրցակցին` դրսևորելով անկոտրում կամք, խիզախություն և արդյունքում հաղթանակ` 3:0 հաշվով:
Այսպիսով մերոնց հաշվին գրանցվել է 3 պարտություն և 2 հաղթանակ:
Վաղը` հոկտեմբերի 18-ին, Նարեկ Աբգարյանը (52 կգ) կմրցի մակեդոնացի փորձառու մարզիկի հետ, ով Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր է և օլիմպիական խաղերի մասնակից: Հուսանք, որ Նարեկը տեխնիկատակտիկական պատրաստականությամբ և կամային հատկանիշներով չի զիջի մրցակցին:
Հետաքրքիր է, որ ամբողջական կազմով հայտավորված տանտերերի թիմի համար առաջնության մեկնարկը կտրվի հոկտեմբերի 20-ին, երբ առաջնության մասնակիցների կեսից ավելին արդեն վերածված կլինեն հանդիսականի:
Աղբյուր` Panorama.am