Լուսանկարը՝ Iravaban.net-ի
Անչափահաս աղջկան առևանգելու մեջ մեղադրվող ընկերախմբի անդամներից վերջինն ինքնակամ ներկայացել է իրավապահ մարմիններին, նախաքննական մարմինը վերսկսել է կասեցված մասի քննությունը, իսկ դատարանն էլ՝ կայացրել մեղադրական դատավճիռ: Այս մասին տեղեկացնում է Փաստինֆո-ն: Ըստ մեղադրանքի՝ ամբաստանյալ Գևորգ Հարությունյանը 2012 թվականի մայիսի 2-ին իր ընկերոջ` Կորյուն Գևորգյանի խնդրանքով, վերջինիս համար ամուսնության նպատակով՝ անչափահաս աղջկան առևանգելու վերաբերյալ նախնական համաձայնության է եկել և իրենց ընդհանուր ընկեր Քաջիկ Մուսայելյանի հետ նույն օրը Երևանի «Էրեբունի» բժշկական քոլեջի 3-րդ մասնաշենքի դիմացից բռնություն գործադրելու եղանակով առևանգել են աղջկան: Մասնավորապես, Կորյուն Գևորգյանը թիկունքից, իսկ Քաջիկ Մուսայելյանը և Գևորգ Հարությունյանը ոտքերից բռնելով աղջկան ուժով նստեցրել են տաքսի ավտոմեքենան, որն անմիջապես շարժվել է և բացահայտ առևանգված աղջիկը տեղափոխվել է Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղ, որտեղից Գևորգ Հարությունյանը նույն տաքսի ավտոմեքենայով հեռացել է։
Ամբաստանյալ Գևորգ Հարությունյանը մինչև դատաքննությունն սկսելը միջնորդել է դատարանին կիրառել դատական քննության արագացված կարգ՝ հայտարարելով, որ համաձայն է ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ անչափահասին առևանգելը, իրեն առաջադրված մեղադրանքի հետ և իրեն լիովին մեղավոր է ճանաչում։ Դատարանը բավարարել է միջնորդությունը: Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ, դեկտեմբերի 13-ի դատավճռով ամբաստանյալ Գևորգ Հարությունյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով և նրան դատապարտել պայմանական ազատազրկման՝ 4 տարի ժամկետով՝ 1 տարվա փորձաշրջանով։
Դատարանը որպես ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ է դիտել անկեղծորեն զղջալը, նախկինում դատվածություն չունենալը, դրական բնութագրվելը, ինչպես նաև այն, որ ամբաստանյալի մոտ, ըստ պաթոլոգաանատոմիական հետազոտության տվյալների, առկա է ոսկրաաճառային, սրունքի վերին երրորդի և ստորին երրորդի երկու կտոր, խոնդրո-սարկոմա՝ բազմակի էկդոստոզի հիմքի վրա, ամբաստանյալը կարիք ունի մշտական հետազոտության և բժշկական հսկողության։ Դատարանը հաշվի է առել նաև այն հանգամանքը, որ «Կորյուն Գևորգյանը հանցագործության կատարման մեջ ցուցաբերել է առանձնապես ակտիվ դեր` նախաձեռնելով և կազմակերպելով նշված հանցագործության կատարումը, որի մեջ ներգրավել է ամբաստանյալ Գևորգ Հարությունյանին, իսկ վերջինս՝ որպես ընկեր, ընկնելով Կորյուն Գևորգյանի ազդեցության տակ, թեթևամտորեն չի կանխատեսել նշված ծանր հանցանքի կատարման մեջ իր ներգրավվածության համար առաջացող քրեաիրավական հետևանքների բնույթն ու ծանրությունը»։ Հաշվի է առնվել նաև, որ Կորյուն Գևորգյանն ու առևանգված աղջիկն ամուսնացել են:
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում: