Երեկ երեկոյան Արմավիրի մարզի «Մեծամոր» ԲԿ-ում մահ է գրանցվել: 22:10-ին 26-ամյա Մհեր Մխիթարի Առաքելյանը կլինիկական մահ է տարել:
Դեպքի մանրամասները պարզելու նպատակով AraratNews.am-ը կապ է հաստատել «Մեծամոր» ԲԿ տնօրեն Միքայել Վանյանի հետ, ինչպես նաև զրուցել է Վերակենդանացման բաժանմունքի բժիշկ Սիմոն Զիրոյանի հետ:
«Մեծամոր» ԲԿ տնօրեն Միքայել Վանյանը նշեց, որ սուր աղիքային ինֆեկցիայով հիվանդանոց տեղափոխված հիվանդը հանկարծամահ է եղել: Ու չի մահացել այն հիվանդությունից, որի հետևանքով Տարափոխիկ (ինֆեկցիոն) բաժանմունք է տեղափոխվել: Այն հարցին, թե որն է եղել մահվան պատճառը, Վանյանը պատասխանեց. «Տեղափոխվել է դիահերձարան, կհերձվի ու պարզ կլինի»:
Վերակենդանացման բաժանմունքի բժշկի խոսքերով, հիվանդը 13:30-13:40-ի սահմաններում ընդհանուր թուլություն, սրտխառնոց գանգատներով Տարափոխիկ բաժանմունք է տեղափոխվել: Ընդունման պահին Տարափոխիկ բաժանմունքի վարիչ Վարդան Մանվելյանը հիվանդի վիճակը միջին ծանրության է գնահատել:
«Բուժման ֆոնին հիվանդի ինքնազգացողության բավականին բարելավում է նկատվել: Երեկոյան 21:30-ի կողմերը աղիների գործման հետևանքով զուգարան է գնացել, ինքնազգացողությունը վատացել է, իրեն նստեցրել են մահճակալին ու ինձ կանչել: Հիվանդն արդեն կլինիկական մահ էր տարել: Ես իրեն տեղափոխել եմ արհեստական շնչառության սարքի վրա: Բոլոր ռեանիմացիոն միջոցառումները կատարվել են, բայց հիվանդի սրտի աշխատանքը չի վերականգնվել»,- նշեց Վերակենդանացման բաժանմունքի բժիշկ Սիմոն Զիրոյանը: