— 90-ականների սկզբից կրթական բարեփոխումների լայն ծավալ տրվեց: Որոշ ԲՈՒՀ-երում դրվեց կրթության երկաստիճան համակարգը, իսկ 2007 թվականից պարտադիր դարձավ բոլորի համար: Ես նկատի ունեմ բակալավրիատ-մագիստրատուրա, օրակարգում այժմ երրորդ աստիճանի խնդիրն է դրված, այդ քննարկումներն ընթանում են որակավորումների ազգային շրջանակի շուրջ ծավալվող փորձագիտական քննարկումների համատեքստում: Երբ որ թափ առան նմանատիպ քննարկումները, պարզ դարձավ, որ հանրակրթությունը դրա հենքն է , որից սնուցում է ստանալու բարձրագույն ուսումնական համակարգը, ու պետք եղավ այն ևս բարեփոխել: Ընդհանրապես, ես պիտի նկատեմ, որ գուցե արդարացիորեն, բայց մշտապես ընդունելության քննությունների փուլը եղել է հասարակության ուշադրության կենտրոնում, մինչևդեռ ավարտական փուլը` մասնագետի թողարկումը դպրոցից, եղել է մի քիչ ստվերված,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կրթական փորձագետ Սամվել Կարաբեկյանը:
ԵՊՀ դոցենտ, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը իր խոսքում մասնավորապես նշեց.
-Նախ ուզում եմ ասել, որ մեր հանրակրթական համակարգը թևակոխում է մի փուլ, որտեղ դպրոցն ավարտում են բարեփոխումների առաջին սերնդի երեխաները: Մեզ կրթական ոլորտի համաչափ զարգացում է պետք: Այսինքն մայրաքաղաքի կենտրոնն ու ծայրամասային գյուղը պետք է միասին զարգանան: Այն մոդելը, որը Հայաստանում է զարգանում, իմ կարծիքով էսպիսինն է. եկեք 20 տոկոս զարգացնենք, 20 տոկոսը իր հետևից մյուս 80-ին քաշի: Ես այսպիսի մոդել աշխարհում չգիտեմ: