ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ պատասխանել է վերջիններիս հարցերին:
Լրագրողներին ամենաշատ հուզող հարցը վերաբերում էր Դավիթ Անանյանի հրաժարականին:
Արթուր Մանուկյանն այս առնչությամբ ասաց, որ պարոն Անանյանը կայացրել է իր որոշումը:
Իսկ վարկածների ու ասեկոսեների մասով էլ նկատեց, որ աշխատանքային ծանրաբեռնվածությունը թույլ չի տալիս հետևել համացանցում տարածվող տեղեկություններին:
ՊԵԿ-ում առաջիկա պաշտոնանկությունների և այդ ցանկում իր անունը լինելու հարցին ի պատասխան՝ Արթուր Մանուկյանը կեսկատակ, կեսլուրջ ասաց.
«Դեռ դիմում չեմ գրել: Ինչի՞, ուզում եք դիմում գրե՞մ: Բոլոր տեղակալները շարունակում են կատարել աշխատանքային պարտականությունները: Եթե կադրային փոփոխություն լինի, կարծում եմ, հանրությունը սովորաբար մեզանից շուտ է իմանում»:
Մաքսատան հերթերը կարո՞ղ էին ազատման պատճառ դառնալ, թե այս հրաժարականը կապված է մաքսանենգ ծխախոտի հետ՝ հարցին ՊԵԿ նախագահի տեղակալը պատասխանեց, որ մաքսանենգ ծխախոտը լրագրողի որակավորումն է` նման բան գոյություն չունի:
Իսկ Դավիթ Անանյանի հրաժարականի առնչությամբ Արթուր Մանուկյանը նշեց, որ որևէ բանի հետ չի ցանկանում կապել. «Սա նորմալ աշխատանքային պրոցես է, երբ մարդը կարող է ընդունվել աշխատանքի և ազատվել աշխատանքից»:
Հայկ Մագոյան