տուն Լուրեր Մարց այցելության և «100 աստիճան»-ի հետագա քայլերի մասին. Սուրեն Սահակյան

Մարց այցելության և «100 աստիճան»-ի հետագա քայլերի մասին. Սուրեն Սահակյան

237
0

64419_614882695210963_42394

Մեր զրուցակիցն է «Վճարում ենք 100 դրամ» շարժման և «100 աստիճան» նախաձեռնության անդամ Սուրեն Սահակյանը:

-Երեկ «100 աստիճանը» մեկնել էր Լոռու մարզ` Մարց գյուղ: Սա առանձի՞ն դեպք է, թե՞ հետագայում ևս շարունակվելու է մարզային գործունեությունը:

-«100 աստիճան» նախաձեռնությունը կարծես հարթակ է դառնում, որտեղ բարձրացվում են բազմազան հարցեր՝ սկսած տրանսպորտի գնից, կենսաթոշակային «բարեփոխումներից», մինչև բնապահպանական խնդիրներ:

Հերթական քննարկումներից մեկի ժամանակ բարձրացվեց Մարցի հարցը, և խնդրով շահագրգռված քաղաքացիները որոշում կայացրին այցելել գյուղ՝ աջակցություն հայտնելու և գործողություններով սատար կանգնելու գյուղացիներին: Եթե առաջիկայում օրակարգում հայտնվեն այլ մարզերի այլ հարցեր, ապա անպայման նման այցելությունները մարզեր կկրկնվեն: Ամեն դեպքում, Մարցի խնդիրը մեր ուշադրության կենտրոնում կգտնվի մինչև դրա հանգուցալուծումը, և ինչու ոչ՝ հետագայում նաև հնարավոր է՝ գյուղացիների հետ միասին քննարկվեն և գտնվեն այլ խնդիրների լուծման բանալիները:

Հայաստանը միայն Երևանը չէ, և ցանկացած համայնքում արձանագրված խնդիր մերն է նույնքան, ինչքան քաղաքային պրոբլեմները: Առավել ևս, որ դրանց ծագման սկզբնաղբյուրը մեկն է՝ իշխանությունը ուզուրպացրած վարչախումբը:

-Ի՞նչ է իրականում կատարվում Մարցում` ականատեսի աչքերով:

-Մարց համայնքի հետ կապված խնդիրը ծագել է մի քանի ամիս առաջ, երբ մեր «փառապանծ» բնապահպանության նախարարության թույլտվությամբ Մարց գետի վրա արդեն 3-րդ ՀԷԿ-ը կառուցող ընկերությունը իբր հանրային լսումներ է իրականացնել ազդակիր Մարց համայնքում, որտեղ բնակիչները կտրականապես դեմ են արտահայտվել 29 կիլոմետրանոց գետի՝ գյուղին մոտ գտնվող վերջին 5 կմ հատվածը խողովակների մեջ անցկացնելուն: Սակայն հանրային լսումների արդյունքները կեղծվել են գյուղապետի կողմից. 6 հոգու ստորագրությամբ արձանագրություն է կազմվել, թե իբր համայնքը կողմ է: Այդ 6-ից երկուսը հետագայում խոստովանել են, որ ստորագրել են դատարկ թղթի տակ, և հետ են կանչել իրենց ստորագրությունները:

Ընտրելու իրավունք ունեցող գյուղացիների 80 տոկոսը ստորագրահավաք են իրականացրել և այն ուղարկել բնապահպանության նախարարություն՝ իրենց կարծիքը մի անգամ ևս շեշտելու համար, դրսևորել են քաղաքացիական անհնազանդություն՝ ձորը գլորելով ՀԷԿ-ի շինարարության համար բերված խողովակները: Արդյունքում կասեցվել էր շինարարությունը:

Հետագայում կառուցող ընկերության տերը տարբեր մեթոդներով փորձել է իր կողմը գրավել գյուղացիներին: Սկզբում գյուղացիներից ոմանց աշխատանք է խոստացել կառուցվող ՀԷԿ-ում, խոստացել տարեկան 1,5 մլն հատկացնել համայնքային բյուջեին, ճաշկերույթներ է կազմակերպել, որոնց ընթացքում փորձել է սիրաշահել գյուղացիներին, սակայն արդյունքի չհասնելով՝ գործի է դրել քրեական տարրերով ահաբեկելու մեխանիզմը, ինչը կարծես հաջողվել էր:

-Գյուղացիները վախեցա՞ծ էին:

-Գյուղում տիրում էր վախի մթնոլորտ, և իրենց կարծիքը բաց կարողանում էին արտահայտել միայն գյուղի ծերերն ու դպրոցահասակ երեխաները: Միջին տարիքի մարդիկ, երիտասարդներից շատերը, որոնք նախորդ այցելությունների ժամանակ կտրականապես դեմ էին արտահայտվում, հավատացնում, որ իրենց չեն կարող գնել կամ վախեցնել, այս անգամ արդեն ՀԷԿ-ին դեմ իրենց կարծիքը արտահայտում էին միայն առանձին զրույցներում, իսկ հրապարակային արդեն կա՛մ լռում էին, կա՛մ ասում, որ իրենցից որևէ բան կախված չէ: Եզակիները արդեն բավական ագրեսիվ տրամադրված պնդում էին ՀԷԿ-ի կառուցման անհրաժեշտության մասին՝ փաստարկելով, որ այնտեղ աշխատելու է 10 մարդ, այսինքն՝ սովից կփրկվի 10 ընտանիք:

Հիշեցնեմ, որ այլ նմանատիպ ՀԷԿ-երում աշխատում է առավելագույնը 4 մարդ՝ 2-ական ամեն հերթափոխում և տեղեկացնեմ, որ նրանց խոստացել են ընդամենը 50.000 դրամ աշխատավարձ: Բոլորը նշում էին, թե բացառվում է՝ որևէ մեկը կարծիքը փոխած լինի նյութական շահագրգռվածությունից, բայց վախի մթնոլորտ ստեղծել քրեական տարրերին կարծես հաջողվել էր: Մեր այցելությունը այս առումով բավական արդյունավետ էր: Մարդիկ տեսան, որ իրենք միայնակ չեն և արդեն վերջում, երբ ի նշան բողոքի միասին փակել էինք ճանապարհը, նկատվում էր նախկին ոգևորությունը ու պայքարի պատրաստակամությունը:

Ժամանած ոստիկանության ներկայացուցիչները խոստացան զբաղվել քրեական արդեն հայտնի հեղինակություններով և չեզոքացնել նրանց ազդեցությունը կատարվող պրոցեսների վրա: Աննշան հույս կա, որ նրանք կկատարեն իրենց հանձնառությունը, իսկ եթե ոչ՝ գյուղացիների հետ միասին մենք կկանգնեցնենք շինարարությունը:

-Որն է լինելու «100 աստիճան»-ի հաջորդ քայլը, ի՞նչ է սպասվում առաջիկայում:

-«100 աստիճան» նախաձեռնությունը համախմբել է տարբեր մշակութային շերտերի, երբեմն տարբեր հայացքներ ունեցող մարդկանց ու ուժերի: Առայժմ տարբեր ընդհանուր և թեմատիկ քննարկումների շնորհիվ փորձ է արվում մոտեցնել բոլորի տեսակետները, ընդգծել նմանությունները և հարթել տարաձայնությունները: Դրանով է պայմանավորված գործողությունների առումով համեմատական պասսիվությունը: Այդ փուլը կարծես մոտենում է իր տրամաբանական ավարտին:

Յուրաքանչյուր խնդրի համար կստեղծվեն առանձին աշխատանքային խմբեր , որոնք բովանդակային ու առարկայական քննարկումների արդյունքում ընդհանուր քննարկումներին կներկայացնեն խնդիրների լուծման ուղիները, որից հետո բաց քննարկումների միջոցով որոշումներ կկայացվեն, և կիրականացվեն գործողություններ: Որևէ մեկը կամ որևէ առանձին խումբ այժմ չի կարող ասել, թե որը կլինի հաջորդ քայլը, որոշումները կայացնելու են բոլոր այն մարդիկ, որոնք խնդիրները իրենցը կհամարեն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here