Մարոկկոյի ոստիկանությունը կորոնավիրուսի մասին կեղծ լուրեր տարածելու համար առնվազն տասը մարդու ձերբակալել է, հայտնում է Reuters-ը։
«Կեղծ լուրերը քաղաքացիների շրջանում խուճապի առաջին պատճառն են»,- ասել է վարչապետ Սաադ Էդին էլ Օտմայը՝ ապատեղեկատվությունը համեմատելով այդ հիվանդության տարածման հետ։
Մարդկանց մի մասը ձերբակալվել է կառավարությանը քննադատելու համար՝ կապված հանրային հավաքների դեմ նրա խիստ միջոցառումների եւ դրանք անտեսելու կոչերի հետ։
Հյուսիսային Աֆրիկայի թագավորությունը հաստատել է կորոնավիրուսով վարակման 61 եւ մահվան 2 դեպք։ Հիվանդների մի մասը վարակվել է արտասահմանում, սակայն այժմ այն սկսել է տարածվել Մարոկկոյի քաղաքներում։
Կառավարությունը փակել է բոլոր մզկիթները, դպրոցները, սրճարանները եւ ռեստորանները, ինչպես նաեւ սպորտային ու զվարճանքի կենտրոնները եւ դադարեցրել է բոլոր միջազգային ուղեւորատար չվերթները։
48-ամյա կին է չորեքշաբթի օրը կալանավորվել այն բանից հետո, երբ YouTube-ի իր ալիքում հերքել է կորոնավիրուսի գոյությունը եւ կոչ արել հայրենակիցներին անտեսել նախազգուշական միջոցառումները։
«Աբու Նաիմ» անունով հայտնի տղամարդը կալանավորվել է «ատելություն սերմանելու» եւ «հասարակական կարգը խափանելու» մեղադրանքով այն բանից հետո, երբ սոցցանցերում մզկիթները փակելու համար իշխանություններին քննադատող տեսանյութեր է տեղադրել։