Այսօր Ազգային Ժողովում ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ երբ խոսվում է պետականության ու պետության հեղինակության մասին, ապա դրանք վերացական հասկացություններ չեն, քանի որ պետությունը նաև մարդիկ են, պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, ով եղել է նախկինում Էկոնոմիկայի նախարար:
Նշենք, որ այսօր ԱԺ-ի արտահերթ նիստում ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանն իր եզրափակիչ ելույթում, խոսելով պարտադիր կուտակային համակարգի մասին, ասաց, որ բարեփոխմանը դեմ արտահայտվող Դաշնակցությունը ցանկանում է ամեն ինչ ազգայնացնել, այդ թվում տնտեսությունը:
Ի պատասխան Երիցյանիˋ Աղվան Վարդանյանը կարծիք հայտնեց. «Եթե այդ պաշտոնները զբաղեցնող մարդը տեղյակ չէ Դաշնակցության ծրագրի տնտեսական գաղափարախոսությունից , դա պետականության վարկաբեկում է: Մարդ, ով զբաղեցրել և զբաղեցնում է բարձր պաշտոններ, ուղղակի պարտավոր է տարրական գրագիտություն ունենալ և տիրապետել Հայաստանում գործող քաղաքական կուսակցությունների գաղափարախոսությանը»,- ասաց Աղվան Վարդանյանը լրագրողներին եւ հեռացավ: