Ներկայիս հայաստանյան հասարակական-քաղաքական ու բարոյաքաղաքական մթնոլորտի հատկանշական գծերից է մարդու և մարդկային կյանքի արժեզրկումը: Որքան սա կարող է անակնկալ թվալ. այդ արժեզրկման հերթական ապացույցը դարձան Սերժ Սարգսյանի հորˋ Ազատ Սարգսյանի մահվան արձագանքները հայաստանյան համացանցային տիրույթում: Թվում էր, մարդկային մահը, անկախ նրանից թե նա ում ծնողն է, պետք է որոշակիորեն զգաստության մղեր և չդառանար համընդհանուր քննարկման առարկա: Սակայն, ցավոք սրտի, մենք ականատես եղանք հակառակ պատկերին, երբ նույնիսկ մարդկային կորուստը դառնում է քննադատության, երբեմն էլ, անգամ «սրախոսությունների» առիթ: Այստեղ, ինչ խոսք, ոտնահարվում են էթիկայի բոլոր նորմերը, սակայն այս երևույթը վկայում հայաստանյան հանրության ներսում ընթացող արժեհամակարգային ոչնչացման գործընթացի մասին:
Ինչպես և աշխարհի բազմաթիվ ժողովուրդներ, հայերը ևս առանձնահատուկ հարգանք են տածում հանգուցյալների նկատմամբ: Հանրային առօրյայում մահը դառնում է որոշակիորեն համախմբող իրադարձություն, երբ մի կողմ են դրվում միջանձնական բոլոր վեճերը, թշնամությունը և այլն: Սա գրեթե անվիճելի նորմ է, որին ենթակա են բոլորըˋ անկախ դիրքից ու պաշտոնից: Իհարկե, չափազանց հեշտ կլինի այս կամ այն սոցցանցի օգտատերի հանդեպ հանդես գալ մեղադրանքով, որ չի կարելի ոտնձգություն կատարել հանգուցյալի նկատմամբ, սակայն եթե նկատի ունենանք, որ մենք ականատեսն ենք ոչ թե հատուկենտ իրողությունների, այլ բավականին զանգվածային երևույթի, ապա հարց է առաջանում, որն է նման տրանսֆորմացիայի պատճառը, ինչը բերում է հարյուրամյակներով ձևավորված արժեհամակարգի խարխլմանը: Եվ այստեղ, կրկին մենք բախվում ենք ներկայիս հայաստանյան իրականության մեջ առկա արատավոր իրողություններին:
Հասարակության ստվար հատվածի ծանր սոցիալական վիճակը, երկրում քաղաքական համակարգի ինքնաբավությունը, իշխանության և հասարակության միջև շարունակաբար խորացող անջրպետը առաջացնում են հանրային դժգոհության բևեռացում, որը արտահոսում է երբեմն ամենաանսպասելի ճանապարհներով և առիթներով: Թերևս, նաև այս պատճառներով է, որ երբեմն հանրային դժգոհությունը ընդունում է էթիկային հակասող ձևաչափ: Կարելի է ասել, որ հենց նման դժգոհության բևեռացման արդյունք էր նաև Շանթ Հարությունյանի հայտարարած հեղափոխությունը, որը կարծես թե անհատի, քաղաքացու վերջին հույսի քայլն էր: Հենց այս իրավիճակը հերթական անգամ փաստում է, որ արտաքուստ հանդարտ և հանրային ապատիայի մթնոլորտի ներսում ընթանում են խմորումներ, որոնք զուտ արժեքային իմաստով ինչ-որ մի պահի կարող են արդեն վտանգավոր դառնալ անձի, քաղաքացու արժեքային համակարգի համար:
Պետական համակարգի դեմ քաղաքացին չի զգում իր կարևորությունը և արժեքը, ընտրակեղծիքները ոչնչացնում են քաղաքացու հավատըˋ իր ձայնի, որոշման կարևորության նկատմամբ, ոստիկանության հետ հարաբերություններում քաղաքացին իր մաշկի վրա է զգում ոստիկանական ամենաթողությունը: Այս ամենի մեկտեղումը բերում է նրան, որ քաղաքացու կամ հասարակական խմբի կուտակվող բողոքը դուրս է հորդումˋ վերածվելով արդեն վիրավորանքների ու սարկազմիˋ պետական պաշտոնյայի կամ վերջինիս ընտանիքի անդամների նկատմամբ: Այս ամենն, իհարկե, չեն կարող արդարացում դառնալ իր բողոքի արտահայտման մեջ էթիկական նորմը խախտող անհատի համար, սակայն, կարծում ենք, կարևոր է պարզել երևույթի պատճառը՝ այն վերացնելու համար: