ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանն այցելել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն, ուր նախօրեին մասնակի փլուզվել էր ձմեռային այգուն կից արտաքին աստիճանավանդակը։ Այս մասին հայտնում է Shantnews.am-ը` նշելով, որ ուսումնաիսրության տեղում են եղել ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության սեյսմակայուն շինարարության կենտրոնի ղեկավար Զավեն Խլղաթյանը և քաղաքաշինության կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության պետ Արսեն Միրզոյանը:
Վերջիններս թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի ուղեկցությամբ ծանոթացել են առկա իրավիճակին և նախնական եզրակացություններ կատարել փլուզման պատճառների վերաբերյալ: Առաջարկվել է ձեռք բերել համապատասխան տեխնիկական եզրակացություն և վերանայել աստիճանավանդակի կիրառական անհրաժեշտությունը, հնարավորության դեպքում համապատասխան միջոցներ ձեռնարկել ու տվյալ աստիճանավանդակն ամբողջությամբ ապամոնտաժել:
Արմեն Ղուլարյանը տեղեկացրել է, որ հարցի վերաբերյալ քննարկում է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ, և պայմանավորվածության համաձայն՝ կստեղծվի աշխատանքային խումբ, որը կներկայացնի առաջարկություն աստիճանավանդակի չփլուզված հատվածի ապամոնտաժման վերաբերյալ: Արդյունքում անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն քաղաքացիների և կառույցի անվտանգության ապահովման համար: