Դերմատիտը մաշկի բորբոքային հիվանդություն է, որը զարգանում է տարբեր ծագման արտաքին գրգռիչների ազդեցությամբ (քիմիական, կենսաբանական, ֆիզիկական):
Մաշկաբորբերն ըստ դասակարգման լինում են.
— հասարակ կամ շփումային. բնութագրվում է մաշկի տեսանելի ատահարմամբ, որն առաջանում է ուժեղ գրգռիչի հետ շփումից: Տվյալ տեսակի համար գրգռիչ են թթուները: Գրգռիչի տևական ազդեցությամբ մաշկաբորբը կարող է քրոնիկ բնույթ ստանալ:
-ալերգիկ, որն առաջանում է ալերգենի հետ մաշկի անմիջական շփոումից: Հիմնականում մաշկաբորբի այս տեսակն անմիջապես տեսանելի չի լինում ու ի հայտ է գալիս որոշ ժամանակ անց: Ընդ որում, ալերգենը ժամանակի ընթացքում մաշկի մակերեսից կարող է ներթափանցել ավշահանգույցներ: Այս դեպքում իմունիտետը սկսում է գործել մաշկի այդ հատվածում ուժեղ գրգռվածությամբ:
-թեփոտ մաշկաբորբ.ախտահարում է գլխի կամ էլ իրանի մաշկի առանձին հատվածներ, հատկապես ակտիվ ճարպագեղձերի շրջանում. անութներ, կրծքի ու աճուկային հատվածներ, գլխամաշկ: Արտահայտվում է թեփի իսկ դիմային հատվածում` կորյակի տեսքով:
-ատոպիկ. բնույթով բարդ, մի քանի ալերգեններով պայմանավորված մաշկաբորբ է, որը, ինչպես ուսումնասիրություններով է պարզվել, հիմնականում զարգանում է մանուկ հասակում: Այս մաշկաբորբի առաջացման պատճառ են արտաքին ալերգենները, որոնք օրգանիզմ կարող են ընկնել սննդի կամ էլ շնչառության հետ:
Ախտանշանները
Քանի որ մաշկաբորբի բոլոր տեսակների դեպքում ախտանշանները կարող են միանման լինել, ուստի կարևորվում են կոնկրետ տեսակը որոշելուն ուղղված հետազոտությունները:
Հասարակ մաշկաբորբին բնորոշ են տեսանելի թեփոտումն ու քորը, երբեմն էլ` խոցային վերքերը: Եթե մաշկաբորբի այդ տեսակը տարածված տեղակայում ունի, ապա այրվածքի տպավորություն է թողնում:
Ալերգիկ մաշկաբորբի ժամանակ մաշկի այտուց է առաջանում, բշտեր, որոնք իրենք իրենց կարող են պատռվել ու թաց վերքեր գոյացնել: Իսկ երբ այս վիճակը հանդարտվում է ու պրոցեսն էլ մարում, ախտահարված հատվածներում կեղև ու մանր թեփուկներ են գոյանում: Իսկ թույլ ընթացքով ալերգիկ մաշկաբորբի դեպքում մաշկը թեթևակի կոշտանում է:
Բուժումը
Մաշկաբորբի բուժումը ենթադրում է գրգռիչի հայտնաբերում ու համապատասխան միջոցների կիրառում: Մաշկաբորբը բուժում են համալիր մեթոդով.բացի դեղորայքային բուժումից, նշանակվում են նաև արտաքին կիրառման դեղամիջոցներ: Շատ կարևոր է նաև որոշակի, համապատասխան սննդակարգը:
Բուժումը պետքէ սկսել միայն մասնագիտական ախտորոշումից հետո: Իսկ ճիշտ ախտորոշումը կատարվում է միայն լաբորատորային պամաններում: Այսպես.ինֆեկցիոն ծագումով մաշկաբորբը բուժում են հակաբիոտիկներով, հակահիստամինային միջոցներով ու քսուքներով, որոնք չորացնում են մաշկի ախտահարված հատվածներն ու նպաստում վերքերի սպիացմանը: