Այսօր Ազգային Ժողովում տեղի ունեցավ Էթիկայի հանձնաժողովի նիստ: Օրակարգում «Սինջար եզդիների ազգային միավորում» և «Եզդիների ազգային կոմիտե» ՀԿ-ի, մի քանի լրագրողների և պատգամավոր Նիկոլ Փաշինյանի դիմումների քննությունն է: Ինչպես տեղեկացրեց հանձնաժողովի նախագահ ՀՀԿ-ական պատգամավոր Հովհանես Սահակյանը, ազգային փոքրամասնությունների ներկայացրած դիմումի քննությունը հետաձգվել է հավելյալ ճշգրտումներ իրականացնելու համար, իսկ մյուս երկու դիմումներին ընթացք է տրվել: Նիստին կողմերից և ոչ ոք հրավիրված չի եղել:
Եզդիական համայնքը դեռևս կսպասի հանձնաժողովի որոշմանը և այս պահին ցանկանկություն չունի վաղաժամ ենթադրություններ անելու.«Մենք կսպասենք հանձնաժողովի որոշմանը և չենք ուզում կանխատեսել, թե ինչ որոշում կկայացվի: Ամեն դեպքում ինչ որոշում էլ կայացվի՝ մի բան պարզ կլինի, թե հանձնաժողովի անդամները ինչպես են գնահատում իրենց գործընկերոջ վարքագիծը»,-AraratNews.am-ի հետ զրույցում ասաց «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ Համլետ Սմոյանը: