Կ.Պոլսի Հայոց նորընտիր Պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանը դժգոհ է ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից:
Պատրիարքի հայտարարությունը Հայաստանում զայրացրել է շատերին եւ քննադատության պատճառ դարձել:
Araratnews.am-ը Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանին հարցրեց՝ ինչպե՞ս են արձագանքում Մաշալյանի հայտարարությանը:
Վահրամ Մելիքյանը հիշեցրեց՝ Պոլսի նախորդ հայոց տեղապահները նման հայտարարություն արել են: «Մեզ համար հասկանալի են այն պայմանները, որոնց մեջ գործել եւ շարունակում են գործել հայոց տեղապահները»,- մանրամասնեց Մայր Աթոռի ներկայացուցիչը:
Հարցին՝ արդյոք փոքր-ինչ չի գերագնահատվում Ստամբուլում հայկական համայնքի անվտանգությունը նման հայտարարություն անելիս, Վահրամ քահանա Մելիքյանն ասաց. «Պոլսո հայոց համայնքը մեր մի մասնիկն է: Մենք եւս պետք է հոգանք այդ համայնքը, պետք է մտահոգվենք, մտնենք համայնքի վիճակի մեջ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը քաջատեղյակ է՝ ինչ պայմաններում է ապրել պոլսահայությունը եւ այսօր ինչ պայմաններում է գտնվում: Դրա արտահայտություններից մեկը պատրիարքի աթոռի թափուր տեղն էր, որը կարծում եմ՝ ավելին է ասում, քան որեւէ խոսք, որն արտաբերում եմ: Այնպես որ՝ պատրիարքների պարագայում պետք է փոքր-ինչ հանդուրժող լինենք. չտարածենք նույն չափանիշները, սկզբունքները նրանց նկատմամբ, որը մեզ թույլ ենք տալիս այլոց պարագայում»:
Սոնա Դավթյան