Էլ ի՞նչ Ամանոր՝ առանց երգ-երաժշտության, առանց տոնածառի, տոնական սեղանի գեղեցիկ ձևավորման և հեքիաթային մթնոլորտի: Դժվար է այսօր գտնել մեկին, ով այս ամենը կկարողանա կազմակերպել միաժամանակ և այն էլ՝ ի՜նչ ճոխությամբ ու հնարամտությամբ: Սիրված երգչուհի, նկարչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ, ԱԺ նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանը հենց այդ բացառիկ մարդկանցից է, որի համար Սուրբ Ծննդյան տոները մի այլ ծես և բերկրանք են: Ճանաչված արտիստի հետ մեր զրույցի մանրամասները՝ հաջորդիվ.
Ես գիտեմ, որ Ամանորը յուրահատուկ խորհուրդ ունի քեզ համար, տոնին մոտենում ես ակնածանքով ու հատուկ նախապատրաստվում: Միգուցե այդ ամենը գալիս է մանկության տարիների՞ց, ընտանիքից:
Ամանորը իմ ամենասիրելի տոնն է։ Ամենաներող, սեր սփռող, նորի, ծննդյան տոնն է։ Մեր ընտանիքում միշտ այնքան սիրով է նշվել ծննդյան տոները։ Մայրս միշտ հեքիաթ էր նվիրում բոլորիս, հիմա էլ մենք ենք փորձում Մայրիկիս, մեր զավակներին, սիրելիներին, ընկերներին տոն նվիրել։
Ինքդ արդեն քո մեծ ընտանիքն ունես, երկու ինքնատիպ զավակներ, որոնցից՝ Գագիկի պատմությունները, նրա այս կամ այն խոսքերը, կարելի է ասել, ֆեյսբուքյան հիթ են դարձել:
Ի՞նչ է սիրում նվիրել Շուշան մայրիկը իր զավակներին, իր սիրելիներին: Անշուշտ,երբ փոքր էին ,ավել հեշտ էր։Մեծանում են ու երազանքներն են ըստ այդմ մեծանում,խաղերը բարդանում են, հագուստները դառնում են ավելի ոճական ))) ։ Ես սիրում եմ նվիրել այն, ինչ իրենք կսիրեն։
Քո ստեղծագործական ու հանրային գործունեության համար բազում մրցանակներ ես ստացել, այդ թվում՝ ՀՀ վաստակավոր արտիստի կոչումը, Երևանի քաղաքապետի ոսկե մեդալ, ՊՆ «Վազգեն Սարգսյան» շքանշան , Արցախի Նախագահից«Երախտագիտության» շքանշան և այլն: Իսկ ո՞րն է քեզ համար ամենասրտառուչ, ամենալավ նվերը՝ վերնյութական իմաստով:
Ժողովրդի սերն է ամենա կարևոր շքանշանը, ժողովրդի սերն է ամենանվերը։ «Ժողովուրդը» չի պարփակվում ֆեյսբուքյան տիրույթում, ուր բացի բուն օգտատերերից վխտում են նեգատիվ կամ պոզիտիվ տրամադրություն ու տրամադրվածություն ստեղծող 100-ավոր ֆեյքեր։ Այդ սերը հենց գերագույն գնահատականն է ,որ գոտեպնդում է ու մեջքդ ամուր է ու ձիգ,ինչի շնորհիվ յուրաքանչյուր փորձություն անցնում ես պինդ, արժանապատիվ ու սկզբունքներիդ անդավաճան։
Պարբերաբար այցելում ես Արցախ, երեխաների ու այնտեղի բնակիչների համար իրականացնում բարեգործական ակցիաներ, մի խոսքով նրանց համար տոն ապահովում՝ անկախ օրացուցային տոնական օրերից: Ի՞նչ է քեզ տալիս այդ ամենը …
Արցախում որևէ նախագիծ իրականացնելն ինձ համար էլ է տոն, սպեղանի,մի պստիկ հաղթանակ, այն իրագործելու դժվար ճանապարհն էլ մի՛շտ վառվող լուսատու լապտեր հաջորդիվ եկող ծրագրերի համար։ Ավաղ,այսօր ավելի դժվար է որևէ նախագիծ, որևէ ծրագիր իրագործել, բայց,երբ նպատակդ, երազանքդ ազնիվ են, ընկերներդ էլ հավատարիմ են , միշտ էլ գտնվում են խնդիրների լուծման, երազանք-ծրագրեր իրականացնելու տարբերակներ։
Կա՞ ձևավորված ավանդույթ, որով մեկնարկում են Սուրբ Ծննդյան տոները քո ընտանիքի ու հարազատների համար:
Դա Ս.Ծննդյան օրվա խորհրդին համահունչ եկեղեցի գնալն է ու համեղ ու գեղեցիկ կերակուրներ պատրաստելը,հարազատների հետ հաց կիսելն է ու Տիրոջ Ծննդյան օրը նշելն ու օրհնությունը ստանալը:
Ի՞նչ մաղթանք ունես մեր ժողովրդին:
Ուզում եմ հայի տուն ՍԵՐԸ վերադառնա ու խաղաղություն եմ ուզում։
զրուցեց Արա Ալոյանը