տուն Տնտեսական Մայրաքաղաքի փողոցներն էլի բարեկարգվում են ու խցանվում

Մայրաքաղաքի փողոցներն էլի բարեկարգվում են ու խցանվում

251
0

0032

Այսօր առավոտյան ժամերին մայրաքաղաքում դարձյալ խցանումներ էին, ու պատճառը դարձյալ արդեն ավանդական դարձած ասֆալտապատման աշխատանքներն են:

Այս անգամ խցանվելու հերթը Մալաթիա-Սեբաստիա համայնքի հետ կապող գլխավոր ավտոճանապարհներինն էր:

Երևանում ասֆալտապատման աշխատանքների ու դրանց հետևանքով առաջացող խցանումների հարցը հավերժ անլուծելիների թվում է: Հատկապես, որ դրանց հետևանքով քիչ չեն նաև տրանսպորտային պատահարներն ու վթարները:

Սեպտեմբերի 19-ին  ասֆալտապատման աշխատանքների և դրանց հետևանքով տեղի ունեցած ավտովթարներից առաջացած խոշոր խցանման մեջ, ըստ մամուլի, մնացել էին նաև միջոցառման շտապով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարները:

Այս միջադեպից հետո լուրեր տարածվեցին, թե Տարոն Մարգարյանը հրահանգել է այսուհետ ասֆալտապատման աշխատանքներն իրականացնել միայն հանգստյան օրերին:

Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը, «Փաստինֆո»-ին հայտնեց, որ Տարոն Մարգարյանը նման հայտարարություն չի արել: Ինչ վերաբերում է ասֆալտապատումն այնպես կազմակերպելուն, որ այն չխանգարի երթևեկությանը, մեր զրուցակիցը վստահեցրեց, որ քաղաքապետարանում անում են հնարավորը, ծանրաբեռնված ժամերին երթևեկության համար լրացուցիչ խոչընդոտներ չառաջացնելու համար:

Ի դեպ, աշխարհում ընդունված է ճանապարհների նորոգման աշխատանքները հատկապես գիշերային ժամերին կատարելու տարբերակը, ինչը քաղաքային իշխանություններին ազատում է հավելյալ գլխացավանքից: Մեր քաղաքապետարանը, սակայն, նման ճոխություն իրեն առայժմ չի կարող թույլ տալ:

Գիշերային ժամերին աշխատելու համար, նախ հարկ կլինի լուսավորության խնդիր լուծել, ասենք, ձեռք բերել հզոր լուսարձակներ: Մյուս կողմից շինտեխնիկայի գիշերային աշխատանքը կխանգարի նաև երևանցիների հանգիստը:

Այս պարագայում երևանցիներիս մնում է համակերպվել խցանումների մեջ կորցրած ժամանակի և նյարդերի փաստին ու մխիթարվել բարեկարգ փողոցներ ունենալու հեռանկարով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here