տուն Քաղաքական Հայաստան Մայիսի 1-ը Հայաստանի տոնացույցում ամրագրված է որպես Աշխատանքի օր

Մայիսի 1-ը Հայաստանի տոնացույցում ամրագրված է որպես Աշխատանքի օր

239
0

Աշխարհի ավելի քան հարյուր պետություններում մայիսի 1-ն օրացույցում նշված է կարմիրով, այն աշխատավորների համերաշխության միջազգային օրն է: Պատմության մեջ մայիսի մեկը մտել է 1884թ., երբ ԱՄՆ-ում և Կանադայում կազմակերպվեցին ցույցեր` ի պաշտպանություն ութժամյա աշխատանքային օրվա: 1886թ. մայիսի 1-ին բանվորական հուզումներ տեղի ունեցան ԱՄՆ-ի խոշոր արդյունաբերական քաղաք համարվող Չիկագոյում: Բախումներ եղան ոստիկանության հետ, ձերբակալվեցին հուզումների մասնակիցներից շատերը, կազմակերպիչներն էլ դատապարտվեցին մահվան: Ցույցերի այս ալիքը շարունակեց նոր թափ հավաքել և արդեն 1889թ. Երկրորդ Ինտերնացիոնալի Փարիզի Կոնգրեսը որոշեց ամեն տարի մայիսի մեկին երթեր և հանրահավաքներ անցկացնել:

Կոնգրեսի որոշմամբ սահմանվեց նաև մեկ միասնական օր, որը աշխարհի բոլոր երկրներում բանվոր դասակարգին հնարավորություն կտար իշխանություններին ներկայացնել իր պահանջները, պայքարել իր իրավունքների, հատկապես ութժամյա աշխատանքային օրվա համար:

Արդեն 1890թ. Ավստրո-Հունգարիայի, Բելգիայի, Գերմանիայի, Դանիայի, Իսպանիայի եւ այլ եվրոպական երկրների աշխատավորներն առաջին անգամ կազմակերպեցին մայիսմեկյան տոնակատարություններ: 20-րդ դարի սկզբին հեղափոխական շարժումը տեղափոխվեց Ռուսաստան: 1891 թվականին Պետերբուրգում կայացավ առաջին մայիսմեկյան ցույցը:

Հետագայում, երբ ստեղծվեց Խորհրդային Միությունը, մայիսի 1-ը նշվում էր որպես մեծ տոն` ուղեկցվելով մեծ շքերթով, որին մասնակցում էին գրեթե բոլորը: Սովետական Հայաստանում այս տոնը, մասնավորապես, սկսվեց նշվել 1919թ., ինչից հետո ամեն տարի գիտնականները, ուսանողները, մարզիկները և մարմնամարզիկները, երիտասարդները երթով անցնում էին քաղաքի փողոցներով` այդ կերպ ևս մեկ անգամ փառաբանելու և մեծարելու արարումն ու աշխատանքը:

«Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում այս օրը ամրագրված է որպես Աշխատանքի օր, այն ոչ աշխատանքային է:

Օրն առիթ է մեկ անգամ ևս անդրադառնալու աշխատանքային ոլորտի խնդիրներին, աշխատանքային իրավունքի խախտումներին՝ արձակուրդային վճարների չտրամադրում, աշխատանքից ոչ իրավաչափ կերպով ազատում, գործատուների կողմից աշխատողների չգրանցում, աշխատավարձի մասնակի գրանցում և այլն: Ոլորտի մասնագետները փաստում են, որ սրանք աշխատանքային իրավունքների հետ կապված այն հիմնական խախտումներն են, որոնք առկա են պրակտիկայում։