Այսօր երկարատև ծանր հիվանդությունից հետո վախճանվել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամվել Գևորգյանը:
Սամվել Վոլոդյայի Գևորգյանը ծնվել է 1948 թ. հոկտեմբերի 2-ին Հայաստանի Թալինի շրջանի Զառնջա գյուղում:
1965թ. ավարտել է Էջմիածին քաղաքի թիվ մեկ դպրոցը արծաթյա մեդալով և նույն տարում ընդունվել Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետ:
1970թ. ավարտելով համալսարանը աշխատել է Թալինի շրջանի Ներքին Բազմաբերդ գյուղում որպես ուսուցիչ:
1973-1988 թթ. աշխատել է Հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեում, եղել է «Լրաբեր» լրատվական ծրագրի բաժնի վարիչ, Հայաստանի երկրորդ հեռուստաալիքի գլխավոր խմբագիր: 1965 թվականից եղել է ակտիվ քաղաքականության մեջ։ Մասնակցել է Հայաստանի անկախության համար մղվող պայքարին, էկոլոգիական շարժմանը:
1988թ. Ազատության հրապարակում ընտրվել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ:
1988թ. դեկտեմբերին ձերբակալվել է և տեղափոխվել Մոսկվայի «Մատրոսսկայա տիշինա» բանտը:
1989թ. ազատվելով բանտից՝ շարունակել է քաղաքական գործունեությունը որպես «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, հիմնադրել է Խորհրդային Միությունում առաջին պաշտոնական ընդդիմադիր «Հայք» շաբաթաթերթը, եղել է նրա գլխավոր խմբագիրը:
1990թ. ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր:
1991թ. դեկտեմբերին նշանակվել է Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեի նախագահ:
1993թ-ին նշանակվել է ՀՀ Նախագահի ավագ խորհրդական՝ ներքին քաղաքականության գծով:
1995թ. ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, ապա և ԱԺ Պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
Araratnews-ի անձնակազմը ցավակցում է Գևորգյանի հարազատներին, ընտանիքին, ընկերներին: