տուն Քաղաքական Միջազգային ՄԱԿ-ում առաջարկվել է վերահսկել համացանցը. Infolatam

ՄԱԿ-ում առաջարկվել է վերահսկել համացանցը. Infolatam

216
0

Brazilian-President-Dilma-Rousseff copy

Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստի ժամանակ լուրջ քննադատության է ենթարկել ԱՄՆ իշխանություններին էլեկտրոնային լրտեսության համար, ինչն արժանացել է մասնակիցների բուռն ընդունելությանը: Այս մասին գրում է իսպանական Infolatam-ը:

Այդուհանդերձ, համացանցում միջազգային վերահսկողության նորմեր սահմանելու նրա առաջարկը ստիպել է որոշ մասնակիցների նյարդայնանալ: Իր ելույթում Ռուսեֆը հիմնվել է նախկին գաղտնի գործակալ Էդվարդ Սնոուդենի հրապարակած տվյալների վրա, որոնց համաձայն ԱՄՆ հատուկ ծառայությունները հետևել են Բրազիլիայի և Մեքսիկայի նախագահների նամակագրությանը, ինչպես նաև Petrobas պետական նավթային ընկերությանը:

Թեպետ ԱՄՆ իշխանությունները մասնավոր շատ զրույցներում նշում են, որ էլեկտրոնային լրտեսությամբ զբաղվում են աշխարհի բոլոր երկրները, ինչը բխում է նրանց շահերից, այդուհանդերձ այս բացատրությունները Ռուսեֆի համար անընդունելի են եղել:

Խոսքի երկրորդ կեսում Ռուսեֆն առաջարկել է սահմանել համացանցի վերահսկողության նորմեր, ինչն իր երկիրը պնդում է 205-ից` միանալով Ռուսաստանի, Հարավային Աֆրիկայի և Հնդկաստանի ջանքերին: Դրան դեմ են խոսքի ազատության կողմնակիցները, ովքեր մտահոգություն ունեն, որ դրանով կսկսվի համացանցի գրաքննությունը:

Անցած տարի Դուբայում կայացած խորհրդաժողովում Ռուսաստանն ու Չինաստանը առաջարկել էին վերահսկողություն սահմանել համացանցի նկատմամբ, հատկապես անցանկալի նամակների (սպամի) տարածման հարցում, ինչն անընդունելի է եղել ԱՄՆ-ի համար, որտեղ պնդում են, որ սպամի անվան տակ Չինաստանն ու Ռուսաստանը կսկսեն գրաքննել համացանցը: Ռուսեֆի առաջարկը մի փոքր տարբերվում է Չինաստանի և Ռուսաստանի առաջարկածից. նա կարծում է, որ վերահսկողությունն անհրաժշետ է լրտեսության բացառման, մանկական պոռնոգրաֆիայի տարածումը կանխելու, ֆինանսական մախինացիաները թույլ չտալու համար:

Infolatam-ի հոդվածագիրը նշում է, որ Դիլմա Ռուսեֆն իրավունք ունի բողոքելու ԱՄՆ գործողություններից, սակայն նրա առաջարկած սահամանփակումները կարող են լուրջ գործիք դառնալ այնպիսի ավտորիտար երկրներում, ինչպիսիք են Ռուսաստանը և Չինաստանը, որոնք կարող են լուրջ գրաքննություն մտցնել համացանցում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here