Հայաստանը բանջարանոցային շատ մթերքների արտադրությամբ ինքնաբավ է և նույնիսկ արտահանման պոտենցիալ ունի, սակայն ոլորտում խնդիրներ կան` կապված հատկապես սերմնաբուծության հետ: Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը` ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ համատեղ կազմակերպված «Աջակցություն Հայաստանում բանջարային մշակաբույսերի սերմնաբուծության և սերմնարտադրության համակարգերի զարգացում» ծրագրի խորհրդաժողովի ժամանակ: Ծրագիրը ֆինանսավորվում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից և իրականացվում գյուղատնտեսության նախարարության հետ համագործակցությամբ:
Փոխնախարարի խոսքով` հնարավոր չէ բուսաբուծության զարգացումը պատկերացնել առանց սերմնաբուծության, մինչդեռ այսօր, ոլորտի տեխնիկական հագեցվածությունը 40-50 տարվա հնություն ունի: ՄԱԿ-ի հետ իրականացվող ծրագիրը, ըստ փոխնախարարի, նպաստելու է սարքավորումների ու տեխնիկայի ձեռքբերմանը` Հայաստանում բարձրորակ սերմեր արտադրելու նպատակով, գենետիկական ռեսուրսների պահպանման խնդիրների լուծմանը և այլն:
Միջոցառմանը մասնակցում էին շուրջ 45 ներկայացուցիչներ գիտական կենտրոններից, ՀԿ-ներից ու ֆերմերային տնտեսություններից: