Ճանապարհային ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է անցկացրել Աբովյան քաղաքում, ինչի արդյունքում կազմվել է վարչական իրավախախտման շուրջ 50 արձանագրություն։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։
«Քաղաքացիների անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհային ոստիկանությունը հաճախ է ուժեղացված ծառայություն անցկացնում: Երթևեկության կոպիտ խախտումներ կատարած, կարգազանց վարորդներ հայտնաբերելու նպատակով` հերթական հատուկ միջոցառումը կազմակերպվեց նոյեմբերի 27-ին Աբովյանում: Ուժեղացված ծառայության ընթացքում, որին մասնակցում էին Ճանապարհային ոստիկանության ուղեկցող հատուկ սպայական վաշտի, ճանապարհապարեկային ծառայության բաժնի և 2-րդ սպայական գումարտակի ծառայողները, կազմվել է վարչական իրավախախտման շուրջ 50 արձանագրություն: ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 8 տրանսպորտային միջոց, որոնցից մեկը եղել է առանց համարանիշերի: 8 վարորդի նկատմամբ վարչական իրավախախտման արձանագություն է կազմվել հողմապակու լուսաթափանցելիության չափի խախտման համար:
Ճանապարհային ոստիկանությունը իրազեկում է, որ նման միջոցառումները շարունակական են լինելու»,- ասվում է հաղորդագրության մեջ: