Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը խոսել է անցած տասը ամիսներին վարորդների իրավունքների խախտման դեպքերի և վարորդներին ներկայացվող տուգանքների ծանուցման սխալ կարգի հետևանքների մասին: Բանախոսը նշել է, որ կան երթևեկության կանոններ, որոնք վերանայման կարիք ունեն: Դրանցից ամենակարևորն, ըստ Էդուարդ Հովհաննիսյանի, այն է, որ եթե վարորդը խախտում է անում, որը ֆիքսվում է արագաչափի կամ տեսախցիկի կողմից, ապա դրա մասին նա տեղեկանում է ծանուցագրի միջոցով, իսկ եթե այդ պահին տանը ոչ ոք չլինի, ապա տուգանքի չափը հնգապատկվում է: «Սա խայտառակություն է, եթե մարդը տանը չի լինում և չի տեղեկացվում իր կողմից կատարված խախտումի մասին, ապա դա չի նշանակում, որ ինքը տեղեկացվել է, բայց համապատասխան վճարումը չի կատարել: Մենք այս հարցով դիմել ենք ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, որպեսզի վերանայեն այս օրենքը»: Էդուարդ Հովհաննիսյանն ասուլիսի ժամանակ նշել է, որ այսօր չի խոսվում վարորդ-հետիոտն հարաբերությունների մասին, որն ըստ բանախոսի, բավականին կարևոր հարց է. «Ուշադրություն չեն դարձնում նաև ճանապարհների վիճակին, ոչ մեկին չի հետաքրքրում, թե վթարը տեղի է ունենում վարորդի, թե հենց վատ ճանապարհի պատճառով, այսինքն չկա ՃՈ կողմից մշակված հստակ ռազմավարություն»: Լրագրողների այն հարցին, թե այժմ ինչպիսի՞ն է վարորդ-տեսուչ հարաբերությունները, Էդուարդ Հովհանիսյանը նշել է, որ համեմատած անցած տարիների հետ՝ բավականին բարելավվել է.«Բայց դա միայն Երևանում, իսկ մարզերում, որտեղ մենք չենք կարող գործունեություն ծավալել, վիճակն այնքան էլ բարվոք չէ»: Վերջինս հավելել է, որ ՀՀ կառավարությունը մի քիչ շտապել է արագաչափեր տեղադրելու հարցում, քանի որ հայաստանյան վարորդները դեռևս պատրաստ չեն օրենքով երթևեկելու:
Էմմա Պալյան